Հունաստանի աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ իրեն չի հաջողվել ձևավորել կոալիցիոն կառավարություն, և մանդատը վերադարձրել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասին:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Սամարասը նշել է, որ իրենք հնարավորության սահմաններում ամեն ինչ արել են, սակայն կառավարություն կազմելն անհնար է:
Նրա խոսքերով՝ աջակենտրոններն առաջարկում էին պահպանել Հունաստանի ներկայությունը եվրոգոտում և նոր բանակցություններ սկսել ԵՄ-ի և ԱՄՀ-ի հետ:
Բոլոր կուսակցություններից կոալիցիայի մեջ մտնելու պատրաստակամություն է հայտնել միայն ձախակենտրոն Համահունական սոցիալիստական շարժման (ՊԱՍՕԿ) առաջնորդ Էանգելոս Վենիզելոսը:
Սակայն, տեղի փորձագետների խոսքերով, Վենիզելոսը Սամարասին առաջ է քաշել իր պայմանները, որոնք այնքան էլ չեն համապատասխանել կոալիցիոն կառավարության շուրջ աջակենտրոնների պատկերացումներին:
«Նոր Ժողովրդավարները» և ՊԱՍՕԿ-ը կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ստացել են 149 տեղ: Կոալիցիայի համար անհրաժեշտ է առնվազն 151 տեղ:
Այժմ, սահմանադրության համաձայն, Հունաստանի նախագահը կառավարություն կազմելու մանդատը կհանձնի Ծայրահեղ ձախ ուժերի կոալիցիայի (ՍԻՐԻԶԱ) առաջնորդին՝ որպես խորհրդարանում նշանակությամբ երկրորդ կուսակցության:
Նախագահ Պապուլյասի վարչակազմն արդեն հայտնել է, որ պետության ղեկավարը մայիսի 8-ին հանդիպում կունենա ՍԻՐԻԶԱ-ի առաջնորդ Ալեքսիս Ցիպրասի հետ:
Եթե Հունաստանը չկարողանա մինչև մայիսի 17-ը կառավարություն ձևավորել, առաջիկա շաբաթների ընթացքում կանցկացվեն նոր ընտրություններ:









































