Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ ֆիսկալային պակտը չի վերանայվի` չնայած Ֆրանսիայում և Հունաստանում ընտրություններում հաղթողների կոչերին։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մերկելն ընդգծել է նաև այն, որ Հունաստանը հավատարիմ է մնացել բարեփոխումների ծրագրին: Ավելի վաղ հունական աջակենտրոն «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Անտոնիս Սամարասը ցանկություն էր հայտնել վերանայել Հունաստանի և ԵՄ–ի միջև պայմանավորվածությունները: Սամարասի կուսակցությունը շաբաթ օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է 18,9 %-ով:
ՍԻՐԻԶԱ ձախ ռադիկալ միության առաջնորդ Ալեքսիս Ցիպրասն էլ կոչ է արել այդ համաձայնագրերն անվավեր ճանաչել: Իսկ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ցանկանում է կրկին քննարկել պակտի պայմանները, որը կոչված է ԵՄ երկրներում ուժեղացնել բյուջետային կարգապահությունը:
Ֆիսկալային պակտը մարտին ԵՄ կազմի մեջ մտնող 27 պետություններից ստորագրել են 25-ը: Չեխիան և Մեծ Բրիտանիան հրաժարվել են փաստաթուղթը ստորագրել:








































