Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հանդես է եկել Վաշինգտոնի քննադատությամբ` կապված ՆԱՏՕ-ի ավիահարձակումների ժամանակ խաղաղ բնակիչների զոհվելու մասին հաղորդագրությունների հետ։ Այս մասին գրում է BBC-ն:
«Դրա համար Քարզայն իր մոտ է կանչել ՆԱՏՕ-ի հրամանատարին, ապա Աֆղանստանում ԱՄՆ դեսպանին»,– հաղորդել է նախագահի ներկայացուցիչը:
Հանդիպման ժամանակ Քարզայը հայտարարել է, որ ԱՄՆ–ի և Աֆղանստանի միջև անցած շաբաթ ստորագրված ռազմավարական պակտն անիմաստ է, եթե խաղաղ բնակիչների կյանքը պաշտպանված չէ:
Առնվազն 14 մարդ է զոհվել երկուշաբթի գիշերը հյուսիսարևմտյան Բադգիսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի ավիահարձակման արդյունքում: Զոհերի մասին հաղորդագրություններ ստացվել են նաև Խելմենդ, Լոգար և Կապիս ծայրամասերից:
ԱՄՆ–ի և Աֆղանստանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիրը կնքվել է Բարաք Օբամայի՝ Քաբուլ կատարած անակնկալ այցի ժամանակ: Այցը նվիրված է եղել ամերիկյան հատուկ ջոկատի կողմից «Ալ-Կաիդա»–ի առաջնորդ Ուսամա Բեն Լադենի սպանության մեկամյա տարելիցին:







































