Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը մոտ օրերին մտադիր է զբաղվել միջազգային գործերով, այլ ոչ թե ապագա կառավարության ձևավորման հարցով։ Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է Օլանդի քարոզարշավի ղեկավար Պիեռ Մոսկովիսին:
ՆԳՆ վերջնական տվյալների համաձայն՝ կիրակի օրը Օլանդը ստացել է ձայների 51,62 %-ը, իսկ Սարկոզին`48,38 %–ը: Սարկոզին իր լիազորություններն Օլանդին կփոխանցի մայիսի 15-ին:
Մոսկովիսիի հաղորդմամբ՝ երկուշաբթի ամբողջ օրն Օլանդը զբաղվել է օտարերկրացի գործընկերների հետ բանակցություններ վարելով: Բանակցությունները սկսվել են կիրակի երեկոյան Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին զանգահարելով:
«Օլանդն ընդունել է շնորհավորհանքները, քննարկել է համագործակցության ցանկությունը և Բեռլինից հրավեր է ստացել»,- ասել է Մոսկովիսին: Նրա խոսքերով՝ այցը Բեռլին տեղի կունենա մայիսի 15-ից հետո, սակայն օրը դեռ հստակեցված չէ:
Նորընտիր նախագահը հաղորդակցվել է նաև Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի, Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի և այլ պետությունների ղեկավարների ու վարչապետների հետ:








































