Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Հասարակական պալատ» շարժումը դիմել է Բաքվի քաղաքապետարանին՝ մայիսի 13-ին հանրահավաք-երթ և մայիսի 14-ին պիկետ անցկացնելու համար:
Հանրահավաքը պլանավորված է Բաքվի 7-րդ միկրոշրջանում: Ակցիան անցնելու է նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման, քաղբանտարկյալներին ազատելու, ազատ հանրահավաքներ անցկացնելն ապահովելու մասին և այլ կարգախոսներով: Ակցիային մասնակցելու է 1000 մարդ:
Ինչ վերաբերում է պիկետին, ապա այն կանցկացվի մայիսի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 12.00-13.00-ը, քաղաքապետարանի շենքի առջև: Պիկետի ժամանակ պահանջվելու է ապահովել ազատ հանրահավաքների անցկացումը:
Հիշեցնենք, որ «Հասարակական պալատ» քաղաքացիական շարժումը ձևավորվել է անցած տարվա դեկտեմբերի վերջին՝ ի պատասխան 2010 թվականի նոյեմբերի 7-ին Ադրբեջանում հերթական անգամ կեղծված (խորհրդարանական) ընտրությունների: Շարժմանն անդամակցում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և հասարակական ակտիվիստներ:








































