Մայիսի 5-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Լուիս Ալմադրո Լեմեսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով նախարարի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Նորին Սրբությունն բարի արդյունավորում է մաղթել նրա առաքելությանը: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերություններին ` վստահություն հայտնելով, որ նման այցելություններն առավել կխթանեն Հայաստանի և Ուրուգվայի միջև ձևավորված համագործակցությունը` ի բարօրություն երկու ժողովուրդների:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ի դեմս տիար Լեմեսի, երախտագիտություն է հայտնել Ուրուգվայի իշխանություններին` Հայոց Ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչելու և դատապարտելու համար:
Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձել է նաև Ուրուգվայի հայոց թեմին և հայ համայնքին, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկու ժողովուրդների հարաբերությունների սերտացման գործում:
Ուրուգվայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և իր հերթին կարևորել երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը: Նախարարը նշել է նաև, որ երկու ժողովուրդները կրողն են միևնույն արժեքների ու սկզբունքների, ինչը կարևոր հիմք է հարաբերությունների արդյունավետ զարգացման համար:









































