Սերբիայում սկսվել են նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Տեղական ժամանակով 07:00-ին բացվել են 8,5 հզ ընտրական տեղամասերը: Երկրում ընտրության ձայնի իրավունք ունի 7 մլն մարդ: Խորհրդարանական տեղերի համար պայքարելու են 18 կուսակցական ցուցակներ, իսկ պետության ղեկավարի պաշտոնի համար` 12 թեկնածուներ:
Նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուն համարվում է նախկին նախագահ և Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Բորիս Տադիչը, իսկ նրա գլխավոր հակառակորդը Թոմիսլավ Նիկոլիչն է, որը ղեկավարում է Սերբիայի Առաջադիմական կուսակցությունը:
Սերբիայում պետության ղեկավարը ընտրվում է հինգ տարի ժամանակով: Եթե թեկնածուներից մեկը չհավաքի ձայների 50%-ից ավելին, երկու շաբաթից կնշանակվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա, ըստ սոցհարցումների, առաջատարը Նիկոլիչի «Տեղաշարժենք Սերբիան» կոալիցիան է, որին շատ քիչ է զիջում Տադիչի «Հանուն ավելի լավ կյանքի» կոալիցիան:










































