Այսօր Հայաստանի Հանրապետությունում 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ են:
Առավոտյան ժամը 8-ից պաշտոնապես կբացվեն ամբողջ հանրապետությունում առկա 41 ընտրատարածքներում գործող 1982 ընտրատեղամասերը: Մինչև երեկոյան ժամը 20.00-ը ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան կատարելու իրենց ընտրությունը:
Ըստ ոստիկանության հրապարակած տվյալների` Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 484 հազար 3 է:
Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովը կձևավորվի ինչպես համամասնական, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքում: Ապագա խորհրդարանում հայտնվելու համար համամասնական ընտրակարգով պայքարում են 9 քաղաքական ուժեր` 8 կուսակցություն և մեկ դաշինք.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Բարգավաճ Հայաստան կուսակցություն
Հայ ազգային կոնգրես (դաշինք)
«Օրինաց երկիր» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն
Հայ յեղափոխական դաշնակցություն
«Միավորված հայեր» կուսակցություն
Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Մեծամասնական ընտրակարգով կպայքարեն պատգամավորի 138 թեկնածուներ` առաջադրված հանրապետության 41 ընտրատարածքներում:
Ազգային ժողովի ընտրություններին կհետևեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդներ: Տեղական հասարակական կազմակերպություններից դիտորդական առաքելություն կանցկացնեն 54 կազմակերպություններ` ընդհանուր թվով 31451 դիտորդ: Միջազգային կազմակերպություններից հայաստանյան ընտրություններին կհետևեն շուրջ 647 միջազգային դիտորդներ` 11 միջազգային կազմակերպություններից:
Ըստ ԿԸՀ կանոնակարգի մայիսի 7-ին ժամը 00։00-ից սկսած կսկսվեն հրապարակվել ընտրությունների նախնական արդյունքները։









































