Hokkaido Electric Power ընկերությունը ձեռնամուխ է եղել «Տոմարի» էլեկտրակայանի երրորդ էներգաբլոկի անջատմանը: Այն Ճապոնիայում գործող վերջին ատոմային ռեակտորն է:
AFP-ի հաղորդմամբ` կայանը կդադարի էներգիա արտադրել 6 ժամվա ընթացքում: «Տոմարի» էներգաբլոկը կդադարի գործել մայիսի 7-ին: Փորձարկման վրա կծախսվի շուրջ 3 ամիս:
Ինչպես նկատում է BBC-ն, հասարակությունը կողմ է ատոմային էներգետիկայից հրաժարվելուն: Այսօր` մայիսի 5-ին, ավելի քան 5 հազար մարդ է անցել Տոկիոյի փողոցներով` տոնելու «Տոմարիի» աշխատանքի դադարեցումը:
Հիշեցնենք, որ մինչ անցած տարի «Ֆուկուսիմա» կայանում տեղի ունեցած վթարը, Ճապոնիան ԱԷԿ-ից ստանում էր երկրում սպառվող էլեկտրաէներգիայի 30 տոկոսը: Ապրիլին Ճապոնիայի կառավարությունը «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ում վթարից հետո առաջին անգամ խոստովանեց Kansai Electric Power ընկերությանը պատկանող «Օի» ԱԷԿ-ի` պրոֆիլակտիկայի նպատակով կասեցված երկու ռեակտորների վերագործարկման անհրաժեշտությունը:









































