Երեկ ուշ գիշերին և այսօր Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել Հանրապետության հրապարակում արտակարգ պատահարի հետևանքով տուժած 14 քաղաքացի:
Բժշկական կենտրոնի վերակենդանացման և շտապօգնության բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանը նշեց, որ երեկ մինչև ժամը 02:38-ի սահմաններում կենտրոն են տեղափոխվել յոթ հիվանդներ, այլ հիվանդանոցներից 7 հիվանդներ էլ տեղափոխվել են այսօր: 14 հիվանդներն էլ ունեն թեթև այրվածքներ՝ հիմնականում ձախ դաստակի, նախադաստակների շրջանում, ցույց է տրվել օգնություն, վերքերը վիրակապվել են, բոլորի վիճակը բավարար է, որևէ ծանր հիվանդ կամ հետագայում ծանրացող հիվանդ չկա, բոլորը ստացել են համապատասխան բուժում, բոլոր հիվանդները բուժվում են պետպատվերի շրջանակում, որևէ ծանր դեպք չկա: Գագիկ Մանուկյանը հավելեց, որ ընդունում են դիմող ցանկացած հիվանդի, որն ասում է, որ ինքը եղել է հրապարակում:
Իսկ թե նրանք երբ կտեղափոխվեն հիվանդասենյակ՝ ասաց, որ այսօր, ժամը 15-16:00-ի սահմաններում տեղափոխվեն վիրաբուժական բաժանմունքներ, իսկ հետագայում աստիճանաբար դուրս կգրվեն:
Նրա խոսքերով՝այրվածքները առաջին, երկրորդ աստիճանի են, դեմքի վրա եղել են առաջին աստիճանի այրվածքներ, որոնք ապաքինվում են ամբողջականությամբ և որևէ սպի չի կարող մնալ:
Իսկ արդյոք կարո՞ղ է փուչիկը նման բռնկման պատճառ դառնալ հարցին Գագիկ Մանուկյանը չպատասխանեց, քանի որ չգիտի, թե տվյալ փուչիկների մեջ ինչ է լցվել և ինչու են բռնկվել:
Արտակարգ պատահարից տուժածները պատմում են, որ մեկ ակնթարթում է տեղի ունեցել բռնկումը, հիմնականում տուժել են փուչիկները բռնած երիտասարդները:
«Առաջին լրատվական»-ի՝ բժշկական կենտրոնում գտնվելու պահին տուժածներին այցելության էր եկել Նոր Նորքի թաղապետ Մելիք Գասպարյանը:









































