Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխտնօրեն Նիկիտա Սիմոնյանի կարծիքով` Եվրոպայի ֆուտբոլի առաջնության` Ուկրաինայում կայանալիք խաղերը բոյկոտելու Եվրահանձնաժողովի անդամների որոշումը չի կարող ազդել մրցաշարի անցկացման վրա:
«Բոլորն ասում են, թե սպորտը քաղաքականությունից դուրս է: Դա ինձ զարմացնում է, քանի որ ականատես եմ դրանց` միմյանց կապելու փորձերին: Ճիշտ է, պետական գործիչների ներկայությունը ցանկալի է, սակայն Եվրոպայի առաջնությունն առանց նրանց էլ կարող է տեղի ունենալ: Հազիվ թե անհրաժեշտություն առաջանա Ուկրաինայի ներքաղաքական գործերին խառնվելու: Հարցն այն է, որ «Եվրո-2012»-ը կայանալու է: Եվ անպայման կայանալու է հենց Ուկրաինայում:
Ժամանակին փորձում էին բոյկոտել Օլիմպիական խաղերը, բայց օլիմպիադաները կայանում էին: Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, բնականաբար, Եվրոպայի առաջնությունը նախատեսված կարգով անցկացնելու կողմնակից է»,- հայտնել է Նիկիտա Պավլովիչը Р-Спорт գործակալությանը:









































