«Ես կարծում եմ, որ այս ընտրություններում կա երկու դրական բան: Առաջինն այն է, որ այսօր ունենք մրցակցային ընտրություններ: Մենք մեզ համեմատում ենք Ռուսաստանի հետ և պատմականորեն բոլոր համեմատություններով հետ ենք մնում նրանցից, բայց այսօր մեր խորհրդարանական ընտրությունները ավելի մրցակցային են, քան վերջերս կայացած Ռուսաստանի ընտրությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը: Ըստ նրա՝ դա կարելի է համարել մեր քաղաքական համակարգի մի քայլ առաջ լինելը Ռուսաստանից: Դա որակական զարգացման համար շատ մեծ պոտենցիալ է տալիս:
Հաջորդ դրական քայլը ընտրարշավում Ղազարյանը համարեց լրատվության ազատությունը. «Քաղաքական գրեթե բոլոր ուժերը ունեցան խոսելու հավասար ժամանակ և սև PR, ցեխ շպրտելը հեռուստատեսության մեջ գրեթե բացակայում էր: Այս առումով քաղաքացիները կարողացան ամբողջապես ծանոթանալ քաղաքական ուժերին: Սա շատ կարևոր քայլ էր այս ընտրություններում»:
Խոսելով բացասական կողմերի մասին նա նշեց. «Եթե խոսենք բացասական կողմերի մասին, ապա կարող ենք ասել, որ առաջին հերթին բացակայում էր բանավիճային կուլտուրան՝ բանավեճ տեղի չունեցավ ընդհանրապես: Դա խոսում է քաղաքական համակարգի հիվանդության մասին: Երկրորդ բացասական կողմն այն է, որ ընտրողների մոտ չկա հավատ՝ ընտրությունների արդար և թափանցիկ անցնելու հետ կապված: Մտեք ցանկացած բակ, բոլորը խոսում են ընտրակաշառքների մասին՝ ով ինչքան կբաժանի: Այս երկուսը, իհարկե, որակապես կազդեն ընտրությունների վրա:
Հեռուստահաղորդավարը կարծում է, որ հնարավոր է լինեն ընտրակեղծիքներ. «Իհարկե, ընտրակեղծիքներ կլինեն, բայց հույս ունեմ, որ դրանք կլինեն կառավարելի, և քաղաքական ուժերը կարող են համաձայնության գալ: Մենք և դրականի, և բացասականի պոտենցիալը ունենք»:
Ղազարյանի խոսքերով՝ մենք այնպիսի ընտրարշավ կամ քաղաքական համակարգ չենք ունեցել, որ բացառենք վատ զարգացումները, բայց նաև այնպես չէ, որ մենք դատապարտված ենք այդ զարգացումներով գնալ. «Եթե կեղծվեն ընտրությունները, մարդիկ դուրս գան փողոց, տուժելու են բոլոր, հաղթողներ չեն լինելու»:
Վերջում նա նշեց. «Հետընտրական զարգացումները պետք չի բացառել, քանի որ գիտենք՝ ինչ ներքին լարվածություն կա մեզ մոտ»:







































