Սկսած հաջորդ մրցաշրջանից, Եվրոպական ֆուտբոլային միությունը կկիրառի բժշկական նվազագույն պահանջների մասին որոշումը` ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող բոլոր խաղերում: Պահանջների ցուցակը կազմվել է ՈւԵՖԱ-ի բժշկական կոմիտեի անդամների կողմից կազմակերպության վերջին համագումարի ընթացքում, որը կայացել է Ստամբուլում:
Բոլոր 53 ազգային միությունները տեղեկացվել են նորամուծության մասին: Այս որոշումը կայացվել է ՈՒԵՖԱ-ի վարած քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է ֆուտբոլիստների և թիմերի ներկայացուցիչների սպասարկման համար բժշկական տեխնիկայի և անհրաժեշտ դեղամիջոցների նվազագույն քանակն ապահովելու գործին: Մարզադաշտերում պետք է լինեն բոլոր անհրաժեշտ պայմանները կյանքին վտանգ սպառնացող վնասվածքների և դեպքերի պարագայում բուժօգնություն ցուցաբերելու համար:
Ազգային միություններն արդեն ստացել են պահանջների ցուցակները, որոնք պետք է պարտադիր կատարվեն՝ սկսած հաջորդ մրցաշրջանից: Պահանջների մեջ են մտնում բժշկական տեխնիկայի, շտապօգնության մեքենաների, դեղամիջոցների առկայությունը, նախախաղային և նախամրցաշրջանային տեղեկատվությունները:
Պահանջների իրականացմանը հետևելու են ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները: Չիրականացնելու դեպքում կիրականացվեն պատժամիջոցներ:










































