Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 4-ին ընդունեց մի խումբ թուրք լրագրողների: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Գալուստ Սահակյանը կարևորել է ճանաչողական նշանակություն ունեցող նման հանդիպումները և պատրաստակամություն հայտնել պատասխանելու նրանց հարցերին:
Թուրք լրագրողները տեղեկացրել են, որ պատվիրակության մեջ ընդգրկված են Թուրքիայի տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Հայաստան են ժամանել «Հրանտ Դինք» հիմնադրամի նախաձեռնությամբ և նպատակ ունեն աջակցելու Թուրքիայի ժողովրդավարացմանը, հայ-թուրքական մերձեցմանն ու երկու ժողովուրդների միջև երկխոսության հաստատմանը: Նրանք արձանագրեցին, որ հաճելիորեն զարմացած են Երևանի գեղեցկությամբ ու Հայաստանի զարգացման մակարդակով, և արդեն համոզվել են, որ Հայաստանի մասին նախկինում իրենց ունեցած տեղեկությունները ճշմարտությանը չեն համապատասխանում:
Լրագրողների այն հարցին, թե Հայաստանի համար առաջնայինը տնտեսական զարգացումն է արդյոք, և ինչպես է պետությունը դիմակայում տնտեսական ճգնաժամին, պարոն Սահակյանն ասել է, որ թեև Հայաստանն էլ աշխարհի մյուս երկրների նման չի կարողացել խուսափել տնտեսական ճգնաժամի հետևանքներից, բայց երկրում իրականացված տնտեսական քաղաքականության շնորհիվ ճգնաժամը հաղթահարվել է, և Հայաստանն այսօր ունի 4,6 տոկոս տնտեսական աճ: Նրա գնահատմամբ` տնտեսության զարգացումը երկրի համար շատ կենսական ու կարևոր նշանակություն ունի, քանի որ ժողովրդի բարեկեցությունը հիմնականում դրանով է պայմանավորված, բայց Հայաստանն ունի նաև ոչ պակաս կարևոր երկու խնդիր. մեկը աշխարհի և առաջին հերթին Թուրքիայի կողմից իր իսկ իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, մյուսը` Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը: Ըստ նրա` երկուսն էլ ինքնանպատակ չեն, և երկրի ամրապնդման առումով շատ կարևոր են. ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու դեպքում ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում կկանխվեն հակամարդկային նման երևույթները, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը նրա ժողովրդի անվտանգության ու ազատ ապրելու երաշխիքն է: «Այսպիսով` Հայաստանի քաղաքական օրակարգում երկու կարևոր խնդիր կա` երկրի ամրապնդումն ու նրա տնտեսական զարգացումը»,-նշել է Գալուստ Սահակյանը:
Լրագրողների խնդրանքով անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին և դրա հետ կապված արձանագրությունների ճակատագրին` պարոն Սահակյանը տեղեկացրել է, որ Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու խնդիրը այսօր էլ կա քաղաքական օրակարգում, բայց դա չի նշանակում` Հայաստանը հանուն այդ խնդրի լուծման կարող է զիջումների գնալ իր համար կարևոր նշանակություն ունեցող հարցերում: Ստորագրված արձանագրությունները ոչ մի նախապայման չէին պարունակում երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու առումով, այնինչ Թուրքիան սկսեց շահարկել ղարաբաղյան հարցը` փորձելով առուվաճառքի տրամաբանությամբ առաջնորդվել, ինչը անընդունելի է Հայաստանի համար:
Անդրադառնալով ցեղասպանության եղելությունը քննելու նպատակով պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկի մերժմանը` Գալուստ Սահակյանն ասել է. « Ի՞նչ է նշանակում քննել մի բան, որն ակնհայտ է. քաղաքական շահարկումներն այս հարցում անընդունելի են: Մենք կենդանի պատմություն ենք», – ասաց պարոն Սահակյանը` տեղեկացնելով, որ ցեղասպանության պատճառով իրենց մեծ գերդաստանից միայն հայրն է փրկվել:
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաև մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցադրումներին` տեղեկացնելով, որ ՀՀԿ-ն շատ է կարևորում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, քանզի դա է մարդու իրավունքների ու ազատությունների իրացման, երկրի կենսունակության ապահովման ու նրա զարգացման ամենակարևոր գործիքը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է նաև լրագրողների մի շարք հարցերի ևս, որոնք վերաբերում են տնտեսության զարգացման ու արտագաղթի կանխման ծրագրերին, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի անդամ երկրների ջանքերին, ՀՀԿ-ի որդեգրած քաղաքական առաջնահերթություններին ու առաջիկա ընտրություններում նրա հաղթելու հնարավորությանը, Հայաստանի ու Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային անվտանգությանը:









































