Ձմռան ցուրտ եղանակին ուշադրության և խնամքի կարիք ունի մեր մաշկը: Ձմռանը ցանկալի է լվացվել տանից դուրս գալուց մեկ-երկու ժամ առաջ, իսկ շատ ավելի ցուրտ եղանակին խորհուրդ է տրվում ընդհանրապես չլվացվել, օգտագործել միայն խոնավեցնող և պաշտպանող քսուքներ: Մաշկաբանները խորհուրդ են տալիս ձմռանը անպայման կրել ձեռնոցներ, շարֆեր և գլխարկ:
«Ձմռանը պետք է մաշկը տաք պահել, քանի որ ցրտից անոթները նեղանում են, մաշկի սնուցումը խանգարվում է, ու ցրտահարվելու մեծ հավանականություն կա: Եթե նկատում եք, որ ձեր մաշկը չորացել է և քոր է գալիս, ապա նշանակում է, որ այն ցրտահարվել է»,- նշում է բժիշկ Գուրգեն Փորսուղյանը: Ցուրտ ամիսներին ցրտահարվում են հատկապես ձեռքերը. կարմրում, ուռում և բշտիկներ են առաջանում. «Այդ ժամանակ պետք է շփումներ անել կամֆորայի սպիրտով, թրջոցներ դնել, տաք պահել, իսկ եթե ոչ մի փոփոխություն չկա, պետք է բժշկի դիմել»,-խորհուրդ է տալիս մաշկաբանը:








































