Քարոզարշավի վերջին օրը թիվ 30 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Գառնիկ Սահակյանն ահազանգում և մյուս կուսակցություններին ու թեկնածուներին զգուշացնում է ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների մասին, ըստ որի՝ մարզի 4 ընտրատարածքների 220 տեղամասերի վրա հավասարաչափ բաշխվել են 10-27 բնակիչ ունեցող ավելի քան 300 բնակարանների հասցեները. «Մեր կուսակցության անդամները ճշտել են, որ տվյալ հասցեում գրանցված 10-ից ավելի քաղաքացիները վաղուց արդեն այլ հանրապետության քաղաքացի են, դրանց մեջ իմ ծանոթ-բարեկամների անուններն էլ տեսա»,- ասաց Գառնիկ Սահակյանը:
Կատարվածը որակելով հեղաշրջման փորձ՝ թեկնածուն զգունության կոչ է ուղղում՝ ուշադիր լինել հատկապես քաղաքային համայնքներում, և համագործակցություն է ակնկալում բոլոր կուսակցություներից` զգուշացնելով, որ մինչև 10 բնակիչ ունեցող ընտանիքները չեն ստուգվել` չբացառելով, որ այդ բնակարաններում էլ գրանցված ավելի քաղաքացիներ կան. «Պարզ երևում է, որ այդտեղ էլ կեղծիք կա` շեքերում 70 տոկոսն են բնակվում»:
Թեկնածուն ընտրացուցակները տրամադրել է ԵԱՀԿ դիտորդական կազմակերպություններին, և մտադիր է ընտրության օրն անձամբ նրանց հետ հետևել, որ ընտրացուցակներում ընդգրկված ավելի քաղաքացիների անունների դիմաց չստորագրվեն:










































