Երեկ տեղի ունեցան Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները: «Ռեալ»-ը հյուրընկալվելիս 0:1 հաշվով դժվար հաղթանակ տարավ «Սևիլիա»-ի նկատմամբ: Հանդիպման միակ գոլը 17-րդ րոպեին խփեց Քարիմ Բենզեման: Առաջին խաղակեսի վերջում Լուիս Ֆաբիանոն շրջանցեց Իկեր Կասիլիասին և գնդակն ուղարկեց դեպի դատարկ դարպասը, բայց Ռաուլ Ալբիոլը գնդակը հեռացրեց դարպասային գծի վրայից: Երկրորդ խաղակեսն անցավ հավասար պայքարում. երկու թիմերն էլ մի քանի սուր գրոհներ կազմակերպեցին, բայց հաշվի մեջ այդպես էլ նոր փոփոխություն չգրանցվեց: «Արքայական» ակումբն առաջին քայլը կատարեց դեպի գավաթային «կլասիիկո»:
Մյուս կիսաեզրափակիչում «Բարսելոնա»-ն, սովորության համաձայն, բոլոր խնդիրները լուծեց հենց առաջին խաղում: Գվարդիոլայի ստեղծագործող մեքենան արդեն առաջին խաղակեսում 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Ալմերիա»-ի դարպասը. աչքի ընկան բոլոր հարձակվողները` Պեդրոն, Վիլյան և Մեսսին։ Վերջինս դարձավ դուբլի հեղինակ: Հանդիպման վերջակետը դրեց Սեյդու Կեյտան (89):