Դեռ մինչև դելֆիններին Հայաստան բերելը հայ բնապահպանները բազմաթիվ ակցիաներ կազմակերպեցին անպաշտպան կենդանիներին վտանգի չենթարկելու համար, սակայն, ինչպես պարզ դարձավ ընթացքում, ոչինչ չփոխվեց: Դելֆիններին ծրագրվածի պես բանտարկեցին Երևանի Կոմիտասի անվան այգում գտնվող դելֆինարիումում, և բնապահպաններն այժմ էլ անհանգստանում են վտանգավոր հետևանքների մասին:
Oceanology.ru կայքէջը հայտնում է, որ, ըստ կենդանիների IQ վարկանշային աղյուսակի, դելֆինները մինչև օրս երկրորդն էին շիմպանզեներից հետո, որոնց բանականությունը մի շարք դեպքերում թույլ է տալիս հասնել երեք տարեկան երեխայի զարգացման մակարդակի, իսկ վերջին հետազոտությունների համաձայն, դելֆիններն ունեն զարգացած ինքնագիտակցություն, անգամ կարող են ծրագրել ապագան: Գիտնականները բազմիցս են հրապարակավ հայտարարել, որ դելֆինների պես խելացի կենդանիներին անթույլատրելի է անազատության մեջ պահելը, սակայն Հայաստանում նմատիպ հարցերին ուշադրություն դարձնող էլ չկա: Դելֆինների կյանքը և գոյատևումն օրեցօր ավելի ու ավելի լուրջ խնդիրների է բախվում: «Նրանք կարիք ունեն մաքուր, հանգիստ օվկիանոսների, պաշտպանված տարածքների և իրենց մասին հոգ տանող մարդկանց: Անհնար է դելֆինի գոյատևման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծել անազատության մեջ ընդհանրապես, Երևանում` մասնավորապես:
Դելֆինարիումի տարածքն էլ իր շառավղով չի կարող համապատասխանել անհրաժեշտ պահանջներին: Փակ տարածքում այս կենդանիները ոչ միայն ազատությունից են զրկվում, այլև՝ բնական կենսակերպի պայմաններից, ինչպիսիք են օրական 40 մղոն լողալը, կենդանի կերը և վտառի հետ շփումը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը: Այդ պայմանների բացակայությունը, նրա համոզմամբ, խիստ անբարենպաստ ազդեցություն կունենա կենդանիների հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա:
Ի դեպ, աշխարհում հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ անազատության մեջ դելֆինները հաճախ տառապել են խոցերից և ագրեսիվ վերաբերմունք դրսևորել իրենց ցեղակիցների ու մարդկանց հանդեպ: Այս իրավիճակներում դելֆիններ են վիրավորվել և նույնիսկ սպանվել, մարդիկ, այդ թվում՝ նաև փորձառու վարժեցնողներ, ստացել են վնասվածքներ:







































