Queen խմբի մասնակիցները ելույթ չեն ունենա իրենց հանգուցյալ վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի հոլոգրամայով: Այս մասին Rolling Stone ամսագրի հետ զրույցում ասել է համույթի թմբկահար Ռոջեր Թեյլորը:
Անցյալի աստղերի «վերածննդի» մասին լուրերը երաժշտական աշխարհում սկսեցին ակտիվորեն քննարկվել այն բանից հետո, երբ ապրիլին ամերիկյան Coachella փառատոնում Dr. Dre-ի ու Սնուփ Դոգի ելույթի ժամանակ ներկայացվել էր 1996թ. սպանված ռեփեր Թուփակ Շակուրի հոլոգրաման:
Երաժշտի հոլոգրաֆիկ պատկերը, որն ստեղծվել էր Digital Domain Media Group Inc. ընկերության կողմից, երգել էր մյուս երաժիշտների կենդանի կատարումների ուղեկցությամբ: Ակցիայի հաջողությունը երաժշտասերների շրջանում հարուցել էր վեճեր այն մասին, թե ում «վերակենդանացնեն» ու ուղարկեն հյուրախաղերի: Այդ երաժիշտների թվում նշվում էր նաև Ֆրեդի Մերկուրիի անունը:
Թեյլորը բացասաբար է վերաբերվել այդ գաղափարին` նշելով, որ չէր ցանկանա մեկ բեմում գտնվել իր ընկերոջ հոլոգրամայի հետ:
Queen-ի երաժիշտները մտադիր են մի քանի համերգ ունենալ Եվրոպայում՝ երգիչ Ադամ Լամբերտի հետ: Խումբը հուլիսի 11-12-ը երկու համերգ կտա Լոնդոնի Apollo Hammersmith սրահում:








































