Ավստրալիայի կենդանաբանական այգի ներխուժած հարբած երկու բրիտանացիները, որոնք գողացել էին Դիրկ անունով պինգվինին, տուգանվել են՝ յուրաքանչյուրը 1000-ական դոլարով: Այս մասին հայտնում է բրիտանական Guardian պարբերականը:
Թերթի տվյալներով` խուլիգանները` Ռիս Օուեն Ջոնսոնն ու Քերի Մուլսան, 20-21 տարեկան են: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել կենդանաբանական այգի ապօրինի ներխուման և գողության մեջ:
Երկու ընկերները կալանավորվել էին այն բանից հետո, երբ գիշերով ներխուժել էին «Ծովային աշխարհ» ու գնացել դելֆինների հետ լողալու: Դրանից հետո նրանք իրենց հետ հյուրանոց էին տարել և պինգվինին: Իրենց ամբողջ գործողությունները նրանք նկարահանել էին հեռախոսով:
Նրանց կալանավորել էին այն բանից հետո, երբ Facebook սոցցանցում սկսել էին պատմել իրենց քաջագործությունների մասին:







































