Եվրոպայի երկրներում մայիսմեկյան փողոցային ելույթների գլխավոր կարգախոսը եղել է ընդդեմ բյուջետային խնայողության միջոցների: Այս մասին հաղորդել է Delfi.ee. կայքը:
Հունաստանում Աթենքի փողոցներում ցույցը կազմակերպել էին երկրի խոշոր արհմիությունները: Կիրակի երկրում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Ցույցի մասնակիցները հանդես էին գալիս այն կուսակցությունների դեմ, որոնք սատարել են ԵՄ-ի և ԱՄՀ-ի պահանջները` բյուջետային ծախսերը կրճատելու վերաբերյալ:
Իտալական Թուրին քաղաքում ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքապետին, ով ելույթ է ունեցել ցույցի ժամանակ: Սուլոցներից և բղավոցներից բացի՝ հնչել է պայթյուն: Ոստիկանությունը դաժան կերպով ցրել է ցույցը, որի հետևանքով վիրավորվել են մարդիկ, ձերբակալվել է 4 մարդ:
Ցյուրիխում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 20 մարդու մայիսմեկյան ձախ ծայրահեղականների ակցիայի ժամանակ, որը վերածվել է բախումների:
Իսպանիայի փողոցներում ևս հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ` բողոքելու կառավարության քաղաքականության դեմ:
Նյու Յորքում մայիսի մեկին նվիրված ակցիաներ է անցկացնում «Գրավի’ր Ուոլ-սթրիթ» շարժումը: RIA Novosti-իի փոխանցմամբ` դրանք սկսվել են ամերիկյան մի քանի բանկերի մոտ աղմկալի պիկետներով:
Օրվա ամենազանգվածային իրադարձությունը խոստանում է դառնալ Յունիոն-սքուերի ցույցը, որն ավարտվելու է երթով`դեպի մետաղական բարիկադներով պատված Ուոլ-սթրիթ:
Ի սկզբանե «Գրավի’ր Ուոլ-սթրիթ» շարժումը կոչ էր արել համընդհանուր գործադուլ կազմակերպել մայիսի 1 –ին: Շարժումը պնդում է, որ արտահայտում է 99% ամերիկացիների հայացքները: Շարժման մասնակիցները կոչ են արել այդ օրն աշխատանքի դուրս չգալ, չօգտվել բանկային ծառայություններից և նույնիսկ չմաքրել տները:









































