Մայիսի 1-ին նվիրված զանգվածային ցույցեր և հանրահավաքներ են տեղի ունեցել Ֆրանսիայի ամբողջ տարածքով մեկ: Ինչպես և ակնկալվում էր, դրանք բոլորը քաղաքական բնույթ են ունեցել:
Գործազրկության դեմ պայքարի, աշխատավարձերի բարձրացման, աշխատողների իրավունքների պաշտպանության ավանդական կոչերն այս անգամ միախառնվել էին այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու կոչերին:
Բացի այդ՝ առաջին պլան էր մղվել արհմիությունների առաջնորդների հակասությունը, որոնցից ոմանք սատարում էին Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդին, իսկ մի մասն էլ Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիին:
Վերջինս արհմիություններին մեղադրել է քաղաքականացման և դեմոկրատական գործընթացին խառնվելու մեջ:
Ֆրանսիական արհմիություններն ամեն տարի նշում են մայիսի 1-ը: Երեքշաբթի նրանք մոտ 300 միջոցառում են անցկացրել Ֆրանսիայի ամբողջ տարածքով մեկ, արհմիությունների գնահատմամբ՝ մասնակցել է մոտ 750 հազար մարդ:
Ամենախոշոր արհմիութենական ակցիան անց է կացվել Ֆրանսիայում: Ոստիկանության տվյալների համաձայն` դրան մասնակցել է մոտ 48 հազար մարդ, իսկ արհմիութենական հաշվարկների համաձայն` մոտ 250 հազար:
Նիկոլա Սարկոզիի մայիսմեկյան ցույցը Տրոկադերոյի հրապարակում հավաքել էին տասնյակ հազարավոր մարդիկ: Նախագահի խոսքերով՝ ցույցին ներկա է եղել մոտ 200 հազար մարդ:
Այս անգամ մեծ ուշադրության է արժանացել նաև «Ազգային ճակատի» ակցիան` հիմնադիր և նախագահ Ժան Մարի Լե Պենի և նրա դստեր գլխավորությամբ: «Ազգային ճակատի» առաջնորդը հայտարարել է, որ չի հավատում նախագահի թեկնածուներից ոչ մեկին, այդ պատճառով իր կողմնակիցներին կոչ է արել, որ իրենք որոշեն ինչպես վարվել:







































