Սկսած 2011 թ. հունվարից՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները» հրապարակումը բովանդակային փոփոխություններ է կրելու: Այս մասին ասված է Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տարածած հաղորդագրությունում: Նախ, համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի և այլ միջազգային կառույցների փորձագետների առաջարկության, այն արտացոլելու է զուտ ամսական ցուցանիշները և դրանց փոփոխությունները, այլ ոչ թե մինչև 2010 թ. ներառյալ հրապարակվող աճողական ցուցանիշները: Այսինքն` հունվար, հունվար-փետրվար, հունվար-մարտ, … հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածների փոխարեն ամփոփվելու և հրապարակվելու են հունվար, փետրվար, մարտ, … դեկտեմբեր հաշվետու ժամանակահատվածները բնութագրող ցուցանիշներ: Բացի այդ, ՀՀ ԱՎԾ-ն, առաջնորդվելով Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Եվրամիության (այդ թվում` Եվրոստատի) փորձագետների կողմից տրված խորհրդատվությամբ, 2010 թ. ողջ ընթացքում իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ և, սկսած 2011 թ. հունվարից, դադարեցնում է ՀՆԱ ամսական ցուցանիշի հաշվարկը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ արդեն իսկ ԱՊՀ անդամ մի շարք երկրներ ևս (Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Մոլդովա) անցում են կատարել ՀՆԱ-ի ամփոփման և հրապարակման Եվրամիության փորձառությանը և հրաժարվել են ամսական (աճողական հենքով հավաքագրվող և հաշվառվող) ՀՆԱ-ի ամփոփման՝ ԱՊՀ անդամ երկրների համար ԱՊՀ հիմնադրման պահից սահմանված պրակտիկայից: Փոխարենը, որպես տնտեսությունը բնութագրող ամսական ամփոփ ցուցանիշ, Հայաստանում հաշվարկվելու և հրապարակվելու է Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)` զուտ ամսվա կտրվածքով և ամսական պարբերականությամբ, իսկ ՀՆԱ-ի ցուցանիշը` միայն եռամսյակային և տարեկան պարբերականությամբ:









































