Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արժեքը վերանայվելու է: Այս մասին նա ասել է նախագծի իրականացման հարցերով հրավիրված խորհրդակցության ժամանակ,- հաղորդում է Trend-ը: Նախկինում հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է 500 միլիոն դոլար ներդնել երկաթգծի վրացական հատվածի կառուցմանը, որից 200 միլիոնն արդեն հատկացվել է: Սակայն ներկայումս, նախարարի խոսքով, գների փոփոխությունների հետ կապված նախագծի իրականացումն ավելի կթանկանա: Հարցն արդեն քննարկվում է երկու երկրների ֆինանսների նախարարների մակարդակով: Խորհրդակցությանը մասնակցած Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին հայտնել է, որ ներկայումս արդեն հատկացված գումարով կառուցվում է 4 կիլոմետրանոց թունել Վրաստանի և Թուրքիայի սահմանային հատվածում: Նշենք, որ նախագծի շրջանակներում նախատեսված է կառուցել երկաթգծի 105 կիլոմետրանոց հատվածը Կարսից Ախալքալակ, որի 79 կիլոմետր հատվածն անցնելու է Թուրքիայով, իսկ 29-ը` Վրաստանի տարածքով: