News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Սվանեթիի լեռնային շրջանում մասնակցել է տեղի հիդրոէլեկտրակայանի կառուցման մեկնարկի արարողությանը: Այդ հիդրոէլեկտրակայանն ունենալու է 210 մեգավատտ հզորություն և շահագործման է հանձնվելու 5 տարուց: Հիդրոէլեկտրակայանի կառուցման մեջ ներդրվելու է 630 միլիոն դոլար և աշխատանքի է տեղավորվելու 1200 մարդ:
Իր ելույթում Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանից Վրաստանի ունեցած էներգակախվածությունը վերջինիս կարող էր զրկել անկախությունից. «Եթե Վրաստանը ցայժմ էներգետիկ կախվածության մեջ լիներ Ռուսաստանից, ապա նա կարող էր հրաժեշտ տալ պետական անկախությանը:
Էներգետիկան Վրաստանի անկախության ու հաջողության ողնաշարն է: Եթե մենք 2005 թվականի նման էներգետիկ կախվածության մեջ լինեինք Ռուսաստանից, երբ մի օրում կտրեցին մեր էներգա ու գազամատակարարումը, ապա մենք հրաժեշտ կտայինք մեր անկախությանը»: