«Ես չգիտեմ, թե գիշերվա ժամը 1-ին ինչն էր այդ հրավառության պատճառը, բայց համենայնդեպս շատ ուրախ եմ, որ Գրքի տոնը Երևանում է: Սակայն ցավով պետք է նշեմ, որ այն այնքան էլ լավ կազմակերպված չէր: Անձամբ ես տոնի զգացողություն չունեցա»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող Արտեմ Հարությունյանը:
Ըստ նրա` պետք է ամեն ինչ անել, որ նման միջոցառումները լինեն լավ կազմակերպված և չանցնեն իմիջիայլոց. «Վատ կազմակերպվածության պատճառով Բոչելիի համերգը վերածվեց ոռնոցի»:
Համատեղ ասուլիսի ժամանակ հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ ինքը Գրքի տոնի զգացողություն ունեցել է. «Լավ կազմակերպված էր և բավական լավ էլ՝ բեմադրված: Ինձ համար ամբողջ տարին էլ գրքի օր է: Մեկ օրով պետք չէ եզրակացություն անել»:
Գրողը նշեց, որ իր համար ամեն ինչ հաճելի անցավ, սակայն մի բանի համար է միայն ցավում. «Շատ ազգեր իրենց պատմությունը ճշտում են մեր ձեռագրերի միջոցով: Մնում է միայն, որ մենք ճշտենք»:
Բանախոսը ցավով նշեց, որ այսօր մեր հասարակությունը քիչ է գիրք կարդում. «Դրա պատճառը նախևառաջ այն է, որ մեր քաղաքում ընդամենը երկու-երեք գրախանութ կա: Գրքի տոնը ավելի կատարյալ կլիներ այն դեպքում, եթե տոնի առթիվ մի քանի գրադարան բացվեր մայրաքաղաքում:
Պետությունը պետք է պարտադրի սնկերի նման աճող սուպերմարկետներին իրենց տարածքում գոնե մի փոքր տեղ հատկացնել գրքերին: Հազար բան են վաճառում, ի՞նչ կլինի, որ հազար մեկերորդն էլ վաճառեն: Դրանից միայն նրանք կշահեն»:
Քանի որ գրքի տոնը մեկ տարի տևելու է, Տեր-Գուլանյանը հուսով է, որ մենք դեռ նոր գրախանութներ կունենանք:










































