Ապրիլի 3-ին Բաքվում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ընդունած համատեղ հայտարարությունը, որում նշվում է, որ հակամարտության ամենաարագ կարգավորման կարևորությունը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ապահովման հիման վրա պետք է լինի, հիմնված է Մադրիդյան սկզբունքներից բխող գաղափարների վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Այնպես որ, բոլորովին զարմանալի չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը՝ ի դեմս Ռուսաստանի, կարող է Մադրիդյան սկզբունքների տառին համապատասխան հայտարարություն անել: Զարմանալի է միայն այն, որ ՀՀ իշխանությունները՝ թե Ռոբերտ Քոչարյանի օրոք, թե ներկայումս, այդքան խանդավառված և պատրաստ են Մադրիդյան սկզբունքների շրջանակներում ինչ-որ քայլերի գնալ»,- ասաց նա:
Մելիքյանի խոսքով՝ վտանգավոր շեշտադրումներ առկա են և Մադրիդյան սկզբունքների, և հետևաբար՝ Բաքվում ընդունված համատեղ հայտարարության մեջ: «Այս հայտարարությունն ածանցյալ է, կարևորն այդ սկզբունքներն են: Հիմա չխոսել Մադրիդյան սկզբունքների մասին և ասել, որ ռուսներն ինչ-որ բան են ասել՝ ուղղակի անտրամաբանական և անհեթեթ կլինի: Սա մեր մեղքն է, և մենք պետք է մեր մասով շտկենք այդ մեղքը՝ հանդես գալով որոշակի նոր առաջարկներով, բանակցային գործընթաց նոր շեշտադրումներ ներմուծելով»:









































