Նիկոլա Սարկոզիի «Միություն հանուն ազգային շարժման» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Ժան Ֆրանսուա Կոպեն հավատում է, որ Ֆրանսիայի գործող նախագահը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ կտանի, հաղորդում է РИА Новости-ն:
Համաձայն ընտրությունների նախնական տվյալների` երկրորդ փուլ են դուրս գալիս Սարկոզին և Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Հոլանդը:
«Նոր մրցախաղ է սկսվում, և ֆրանսիացիները սխալ թույլ չեն տա»,-Փարիզում Սարկոզիի կողմնակիցների առջև հայտարարել է Կոպեն:
Նա նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում Սարկոզին միայնակ պայքարել է ինը թեկնածուի դեմ, իսկ հիմա նա ունի ընդամենը մեկ հակառակորդ: Կոպեն կոչ է արել յուրաքանչյուրին` անել առավելագույնը, որպեսզի Սարկոզին հաղթի:
«Մենք ունենք երկու շաբաթ, և մենք չենք կարող մի րոպե անգամ կորցնել: Պետք է հանդիպել ֆրանսիացիների հետ և բացատրենլ նրանց, որ նրանցից յուրաքանչյուրի ձեռքում է Ֆրանսիայի ճակատագիրը, և միայն Նիկոլա Սարկոզին կարող է հաղթահարել այդ բեռը… Ֆրանսիայի ապագան խաղաքարտի վրա է, և միայն Նիկոլա Սարկոզին կարող է փրկել այն»,-ասել է նա:








































