Չնայած Heineken ընկերութան ստորագրության գույնը կանաչն է, բայց ինչ-որ մեկը, ըստ երևույթին, չի ցանկացել, որ որևէ կանաչ տերև խանգարի Նյու Յորքի շինություններից մեկի վրա գտնվող ընկերության գովազդի տեսանելի լինելուն:
Daily Mail-ը գրում է, որ այն բանից հետո, երբ պարզվել է, որ գովազդի դիմաց գտնվող ծառերի վերևի ճյուղերը կտրված են, գարեջուր արտադրող ընկերությունից ասել են, որ իրենք նոր ծառեր կտնկեն այնտեղ:
Ընկերությունը այժմ հետաքննություն է անցկացնում` պարզելու, թե ով է կտրել ծառերի ճյուղերը:
Միաժամանակ, Նյու Յորքի քաղաքային այգիների վարչությունը ևս հետաքննություն է անցկացնում:
Հաղորդվում է, որ անօրինական է քաղաքում ծառեր վնասելը, և մեղավորը կարող է տուգանվել մինչև 14000 դոլարի չափով և ազատազրկվել մեկ տարով:








































