Այսօր երեկոյան` ժամը 20.00-ին Ազատության հրապարակում բացօթյա համերգով հանդես կգա իտալացի աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին: Շրջագայություններից առաջինն ընտրվել է Հայաստանը: Նրա կայքէջից տեղեկանում ենք, որ մինչև տարվա վերջ տենորը համերգներով հանդես կգա աշխարհի մի շարք երկրներում` Գերմանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Միացյալ Թագավորությունում:
«Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագրով երևանյան համերգին, որն անցկացվում է «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի տոնական միջոցառումների շրջանակում, Բոչելին ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային և «Հովեր» երգչախմբերի հետ: Աշխարհահռչակ տենորը կատարելու է տարբեր դարաշրջանների երգեր` Գաետանո Դոնիցետիից, Ջուզեպպե Վերդիից մինչև Նինո Ռոտա:
Իտալացի հայտնի երգիչը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 22-ին՝ թույլ տեսողությամբ, իսկ 12 տարեկանում կուրացել է ֆուտբոլային պատահարի պատճառով: Նա իրավաբանական դպրոց է ավարտել եւ սկսել լուրջ զբաղվել երաժշտությամբ:
Բոչելին ձայնագրել է 13 ալբոմ, որոնցից երկուսը` դասական եւ փոփ ժանրերում, երկու հիթային եւ ութ օպերային ալբոմ, որոնք վաճառվել են աշխարհում շուրջ 70 միլիոն օրինակով: People ամսագրի կողմից 1988 թվականին ճանաչվել է տարվա ամենագեղեցիկ 50 մարդկանցից մեկը:
Ի դեպ, իտալացի աշխարհահռչակ տենորը շաբաթներ առաջ երրորդ անգամ հայր էր դարձել: Առաջին ամուսնությունից նա 17 եւ 14 տարեկան երկու տղա ունի, իսկ այս անգամ երաժշտին երջանկացրել է մենեջերը՝ Վերոնիկա Բերտին:









































