Ռուսաց լեզվի իմացության միջազգային քննությանը` «Ամբողջական թելադրություն» ակցիային այսօր մասնակցել են Ռուսաստանի և աշխարհի 85 քաղաքներ, այդ թվում` Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը, Օքլենդը, Բոստոնը, Քեմբրիջը և այլն: Այս մասին գրում է Itar-Tass-ը:
Ակցիայի մասնակիցները մրցել են ժամանակակից ռուսաց լեզվի ուղղագրության, քերականության, կետադրության իրենց իմացությամբ:
Թելադրության տեքստը` բաղկացած երեք մասից, կազմել է ռուս գրող Զախար Պրիլեպինը: Վերջինս 12 գրական մրցանակակիր է: Նա նաև լրագրող է, բազմաթիվ գրքերի հեղինակ:Ակցիայի մասնակիցների համար թելադրության տեքստը Նովոսիբիրսկում նա կարդացել է անձամբ:
Ակցիայի նախաձեռնությունը Նովոսիբիրսկի պետական համալսարանի ուսանողներինն է: Այս տարի այն անցկացվում է 9-րդ անգամ: 2004 թ. թելադրությունը գրել են 150, 2010-ին` 2400 նովոսիբիրսկցիներ, իսկ այս տարի թելադրությունն ամբողջ աշխարհում գրել է 4700 մարդ:
Թելադրությունը Մոսկվայում գրել է նաև Թինա Կանդելակին, Նովոսիբիրսկում ակցիային մասնակցել է մարզի մշակույթի փոխնախարար Վլադիմիր Միլլերը: Կազմկոմիտեն կամփոփի արդյունքները: Հաղթողին սպասվում է արժեքավոր մրցանակ:








































