ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպել է Լոռու և Տավուշի մարզերի Օձուն, Ալավերդի, Այրում, Արճիս, Լճկաձոր, ինչպես նաև Բագրատաշենի ենթաշրջանի hամայնքների ընտրողների հետ:
«Կյանքի որակի բարձրացում, հարմարավետություն ու բարեկեցություն. ահա նոր ժամանակի պահանջները, ահա մեր ժողովրդի արդարացի սպասելիքները: Ըստ այդմ էլ մենք կազմում և իրականացնում ենք մեր ծրագրերը: Մենք սա համարում ենք պատասխանատվություն ստանձնած կուսակցության պարտականությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը` խոսելով նոր Հայաստանի մասին:
Հանրապետական կուսակցության ղեկավարը, պատասխանելով բնակիչներին մտահոգող հարցերին, թե ինչու հիմա պետք է արվի, ինչու մինչև այժմ չի արվել այն, ինչը ներկայացվում է ընտրողներին: Նման հարցադրումներ անողներին ՀՀԿ նախագահը տեղեկացրել է, որ նախ՝ արվել է և հիմա էլ արվում է, և երկրորդ՝ կան խնդիրներ, որոնց լուծումը պիտի հասունանա ժամանակի հետ: «Մենք պետք է նախադրյալներ և պայմաններ ստեղծենք լուծումները հնարավոր դարձնելու համար: Ինչո՞ւ հիմա: Որովհետև կան բաներ, որ անհնար էին երեկ, բայց հնարավոր են այսօր: Որովհետև հիմա մենք արդեն ունենք հիմնաքարերը, որովհետև հասունացել են լուծումները: Եվ մենք եկել ենք ձեզ մոտ առաջարկելու մե՛ր լուծումները: Մենք ձեզ առաջարկում ենք այն, ինչը կարող ենք անել, որպես առաջատար քաղաքական ուժ»,-ընդգծել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի խոսքով, անցած տարիների ջանքերն ավելի շատ կենտրոնացել են մեր երկրի՝ որպես մեկ ամբողջական ընդհանրության, խնդիրների վրա: Տնտեսական համակարգի փլուզումը, պատերազմն ու մեր որոշ հարևանների թշնամությունը, ըստ ՀՀԿ նախագահի, ստիպում էին հիմնականում մտածել այդ մարտահրավերներին համարժեք արձագանքելու մասին: Այսօր այդ հարցերը, եթե չեն լուծվել, Սերժ Սարգսյանի համոզմամբ, գոնե հստակորեն կառավարվում են:
Լոռիում և Տավուշում Սերժ Սարգսյանն ընտրողներին ներկայացրել է նաև հիշյալ մարզերի առանձին բնակավայրերի նկատմամբ իրականացվող և նաև ՀՀԿ-ի նախընտրական ծրագրով նախատեսված քաղաքականությունը:
Ալավերդի քաղաքում, օրինակ, կուսակցության նախագահը խոսել է երկրի տնտեսության կառուցվածքում զգալի կշիռ ունեցող հանքարդյունաբերության մասին և ընդգծել, որ Հայաստանը չպետք է պարզապես հումք արդյունահանող և արտահանող երկիր լինի. «Տնտեսական աճի նպատակադրումից մենք այժմ անցնում ենք մեր տնտեսական ձեռքբերումները յուրաքանչյուր քաղաքացու համար շոշափելի դարձնելու գործին: Իսկ դա նշանակում է ավելի զարգացնել արտադրական հնարավորությունները, որպեսզի նոր ասպարեզ բացվի յուրաքանչյուր աշխատունակ մարդու համար»ը:
ՀՀԿ նախագահը կարևորել է նաև բնապահպանական խնդիրները, նշելով, որ առանց պատշաճ բնապահպանական մոտեցումների, մեր երկրում չի իրականացվելու որևէ ծրագիր՝ լինի դա ձեռնարկատիրական, թե քաղաքաշինական ոլորտներում:
Հանրապետական կուսակցության նախագահը Տավուշում ընտրողներին զեկուցել է նաև, թե ինչ աշխատանքներ են իրականացվել մարզում 2007-2011թթ.: Իրագործված ծրագրերի մեծագույն մասը, նրա հավաստմամբ, ուղղվել է մարզի ենթակառուցվածնքների զարգացմանն ու կառուցմանը:
Իր ղեկավարած կուսակցության կողմից ներկայացվող փոփոխություններն իրականություն դարձնելու գործում Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելը և կոչ արել Լոռու ու Տավուշի մարզերի ընտրողներին՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին և գիտակցել, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնն էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի զարգացման գործում:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի այս ընտրությունների արդյունքները վստահություն ներշնչեն առաջին հերթին մեր ժողովրդին, ապա նաև մեր գործընկերներին, որովհետև այդպիսի ընտրություններով ընտրված իշխանությունները կարող են շատ ավելի մեծ գործեր կատարել»,-ասել է ՀՀԿ նախագահը:








































