Չեխիայի մայրաքաղաք Պրահայի բնակիչները մասնակցել են հակակառավարական երթի: Բողոքի ակցիան կազմակերպել էին արհմիությունները և հասարակական կազմակերպությունների ու քաղաքական նախաձեռնությունների առաջնորդները:
Свобода ռադիոկայանի տեղեկատվության համաձայն՝ երթին մասնակցել են մոտ 100 հազար բանվորներ, թոշակառուներ, ծառայողներ, ուսանողներ: Նրանց միացել են նաև ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատականների կողմնակիցները:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են Վարչապետ Պյոտր Նեչասի գլխավորությամբ կառավարության հրաժարական և արտահերթ ընտրությունների անցկացում: Հավաքվածները պահել են պաստառներ` տնտեսական խիստ միջոցների դեմ կարգախոսներով։ Այս միջոցների շրջանակներում կառավարությունը նախատեսում է բարեփոխել թոշակային և առողջապահության ոլորտի ծրագրերը:
Վարչապետ Նեչասը հայտարարել է, որ հարգում է մարդկանց կարծիք հայտնելու իրավունքը, բայց աջակցում է կառավարության բարեփոխումների ծրագրին:
Երթը դարձել է չեխ ակտիվիստների «Կանգնեցնե՛լ կառավարությանը» կազմակերպության գործունեության մի մասը:








































