Ամերիկացի գիտնականներն ուղեղի ուռուցքից ստեղծել են պատվաստանյութ, որը կօգնի երկարացնել քաղցկեղով հիվանդների կյանքը: Այս մասին գրում է medportal.ru-ն: Հետազոտություններն իրականացրել են Սան Ֆրանցիսկոյի համալսարանի հետազոտողները` Էնդրյու Փարսայի գլխավորությամբ: Մուլտիֆորմ գլիոբլաստը ուղեղի ուռուցքի ամենատարածված ձևն է, որից հիվանդների 98 տոկոսը 5 տարվա ընթացքում մահանում է: Գլիոբլաստի դեմ ստանդարտ բուժում է համարվում քիմիա կամ լուսային թերապիան, որոշ դեպքերում այն հեռացվում է վիրաբուժական ճանապարհով:
Հետազոտությանը մասնակցել են ուղեղի ուռուցք ունեցող ավելի քան 40 հիվանդներ:Նրանց հեռացված ուռուցքներից մասնագետներն առանձնացրել են ջերմաշոկային սպիտակուցները, որոնք արձագանքում են մթնոլորտային ջերմաստիճանի բարձրացմանը, սթրեսային իրավիճակներին, բորբոքային պրոցեսներին և այլն: Նրանք այդ սպիտակուցներից պատվաստանյութ են ստեղծել, որը կոչել են HSPPC-96: Այն նախատեսված է քաղցկեղային գոյացություններին իմունային պատասխան հասցնելու համար:
Հետազոտողները պատվաստանյութը կիրառել են բուժման ստանդարտ մեթոդներին զուգահեռ: Ովքեր պատվաստանյութ են ստացել, 32-47 շաբաթ ավելի երկար են ապրել, քան միայն ստանդարտ մեթոդներով բուժվածները: Փարսի խոսքով` հետազոտությունները շարունակվում են: Մասնագետները դիտարկում են պատվաստանյութի և այլ դեղամիջոցների համակցմամբ հիվանդի իմունային պատասխանը քաղցկեղի դեմ բարելավելու ուղղությամբ:
Ամեն տարի գլիոբլաստ է ախտորոշվում 17 հազար ամերիկացու և 4,7 հազար բրիտանացու մոտ:




































