«Օրենսդրությունը բազմաթիվ ակտերով պաշտպանում է հղի կանանց իրավունքները, բայց, ցավոք, մեր իրականության մեջ որոշ քրեական նորմեր չեն օգտագործվում, մնում են թղթի վրա գրված: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Աշոտ Սաֆարյանը: Նա ընդգծեց, որ այս ամենի մեղավորը նաև անհատներն են, ովքեր իմանալով հանդերձ իրենց իրավունքները՝ չեն պաշտպանում դրանք: «Հղիությունից 70 օր առաջ կանայք իրավունք ունեն 2 տարի ժամկետով արձակուրդ գնալ, որը վարձատրվում է այն հիմնարկի կողմից, որտեղ աշխատում է կինը: Իսկ եթե նա ցանկանում է երկու տարուց ավել մնալ արձակուրդում, ապա այդ դեպքում դա անում է իր հաշվին»:
Փաստաբանը նշեց, որ այս ամենից զատ պետք է ուշադրություն դարձնել նաև մարդկային գործոնի վրա և հղի կանանց հանդեպ լինել ավելի հանդուրժող: Ըստ օրենքի՝ հղիության ընթացքում ամուսինը առանց կնոջ համաձայնության իրավունք չունի ամուսնալուծության հայտ ներկայացնել դատարան, իսկ եթե, այնուամենայնիվ, ներկայացնում է, ապա անհապաղ մերժվում է հայցը: Խնդրի հոգեբանական կողմին անդրադառնալով՝ հոգեբան Աննա Բադալյանը նշեց, որ հղիությունը ֆիզիոլոգիական երևույթ է և հոգեբանական առումով բավական խոցելի խնդիր. «Այն ինչ զգում է մայրը, կլանում է պտուղը: Եթե ուզում ենք նորմալ քաղաքացիներ ունենալ, պետք է ամեն ինչ անենք, որ այդ 9 ամիսը կնոջ համար դառնա լավագույն շրջան: Հղի կանայք ջերմության և ուշադրության կարիք ունեն»:
Բանախոսները խոսեցին նաև բռնաբարության և դրա հետևանքների մասին: Ըստ փաստաբանի՝ բռնաբարությունը այն դեպքերից մեկն է, որից հետո կինը իրավունք ունի հղիության արհեստական ընդհատման: Հոգեբանը կարծում է, որ բռնաբարությունից ծնված երեխան հետագայում չարիք կդառնա հասարակության համար: Հոգեբանը անդրադառնալով հղիության արհեստական ընդհատումներին՝ նշեց «կա բավական տարածված տեսություն, որ գիտականորեն ապացուցված է, կնոջ արգանդը ունի հիշողություն, եթե կինը կատարել է հղիության արհեստական ընդհատում, ապա հետագայում նոր ձևավորված սաղմը իր վրա է կրում այդ հիշողությունը»:







































