France Presse գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ տարածաշրջանում գերիշխանություն հաստատելուն ուղղված Թուրքիայի փորձերը, և հարևան երկրների գործերին միջամտելու ցանկությունն այդ երկրին վերածում է տարածաշրջանի բոլոր երկրների թշնամու.
«Նմանատիպ տարածաշրջանային ներքին քաղաքականությունը վնասում է Թուրքիայի շահերին և նրան վերածում է բոլորի հետ թշնամացած պետության: Իր վերջին հայտարարությամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նորից սկսել է միջամտել Իրաքի ներքին գործերին, ինչն ի ցույց է դնում, որ Թուրքիան նախկինի նման պատրանքներ է տածում տարածաշրջանում գերիշխելու համար»:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Էրդողանը Ստամբուլում հանդիպել էր Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ և հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ շիա ալ-Մալիքին իր ձեռքում է կենտրոնացրել ողջ իշխանությունը, քաղաքական եսապաշտություն է դրսևորում և խտրական մոտեցում է ցուցաբերում սուննիների հանդեպ:
Ի դեպ, Իրաքի նախկին փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմին ներկայումս քաղաքական ապաստան է գտել Թուրքիայում, որի նկատմամբ Իրաքում կայացված է ձերբակալման դատավճիռ: