Թուրքիայի ղեկավարությունը պատրաստվում է դիմել ՆԱՏՕ-ին՝ կապված սիրիացի զինվորականների կողմից իր տարածքի ռմբակոծությունների հետ: Նման հայտարարություն, ինչպես հաղորդում է Interfax-ը, Փարիզում «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպմանը արել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես օգտվել Վաշինգտոնյան պայմանագրի 4-րդ հոդվածից, որի համաձայն՝ ՆԱՏՕ-ում խորհրդակցություն է անցկացվում, եթե սպառնալիքի տակ է հայտնվում (ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի) քաղաքական և տարածքային ամբողջականությունը կամ անվտանգությունը»,- ասել է Քլինթոնը:
Այս շաբաթ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Թուրքիան առայժմ իրենց չի դիմել նման հարցով: Նա ասել էր, որ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրավունք ունի դիմել դաշինքին «խորհրդակցության համար», եթե իր անվտանգության համար սպառնալիք է տեսնում: Նման իրավունք նրան տալիս են Վաշինգտոնյան պայմանագրի 4-րդ և 5-րդ հոդվածները, որոնք նախատեսում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ պաշտպանություն:
Հիշեցնենք. 10 օր առաջ թուրք-սիրիական սահմանի վրա գնդակոծության էր ենթարկվել սիրիացի փախստականների ճամբարը, որի ժամանակ զոհվել էր առնվազն 2, վիրավորվել 15 մարդ:
Փարիզում ԱՄՆ պետքարտուղարը մասնավորապես նշել է, որ Վաշինգտոնը հանդես է գալիս Սիրիայի իշխանությունների դեմ առավել կոշտ միջոցներ կիրառելու օգտին:
«Մենք ստիպված կլինենք դիմել (ՄԱԿ-ի) ԱԽ՝ ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի համաձայն բանաձև ընդունելւո, որը ենթադրում է պատժամիջոցներ, արգելք արտասահման մուտք գործելու վրա, հաշիվների սառեցում և էմբարգո զենքի մատակարարման վրա»,- ասել է Քլինթոնը:
ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ գլուխը նախատեսում է միջոցառումներ ձեռնարկել առանձին երկրի նկատմամբ, եթե նա իր գործողություններով սպառում է խաղաղությանը:
«Մենք չենք ցանկանում, որպեսզի այնպիսի իրավիճակ ստեղծվի, որի դեպքում տեղում աշխատող դիտորդները նույնպես բռնության ենթարկվեն»,- ասել է պետքարտուղարը:
Հիշեցնենք. երեկ Փարիզում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի հանդիպմանը 14 երկրների արտգործնախարարներ կոչ են արել Սիրիայի իշխանություններին հետևել Անանի ծրագրի դրույթներին:







































