Եմենում կառավարական զորքերի և «Ալ-Քաիդա»-ի գրոհայինների միջև տեղի ունեցած մարտերում սպանվել է 19 զինյալ: Զինվորականների շրջանում զոհերի մասին չի հաղորդվում:
Associated Press-ը, վկայակոչելով Եմենի պաշտոնական իշխանություններին, հաղորդում է, որ բախումները տեղի են ունեցել Զանջիբար քաղաքից հարավ-արևելք: Ընդ որում, այդ տարածքում մարտերը դեռ շարունակվում են:
2012 թ. ապրիլին Եմենի հարավում լայնածավալ ռազմական գործողություններ են ծավալվել, այն բանից հետո, երբ գրոհայինները հարձակում գործեցին կառավարական ուժերի վրա՝ գողանալով մեծ քանակությամբ զենք և պատանդներ վերցնելով: «Ալ-Քաիդա»-ի գործողությունները Եմենում ակտիվացել են 2011 թ., երբ Եմենում բախումներ սկսվեցին կառավարության ուժերի և նրա հրաժարականը պահանջող ապստամբների միջև:









































