Ապրիլի 16-ին շուրջ 200 քաղաքացիներ հավաքվել էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտ՝ պահանջելով չեղյալ հայտարարել հաջորդ օրը չորս կարճամետրաժ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը: Ներկաները քարեր և ձվեր էին շպրտել գրասենյակի ուղղությամբ, ջարդել էին գրասենյակի պատուհանները և սպառնացել անձնակազմին այլ բռնություններ կիրառել, եթե իրենց պահանջները չբավարարվեն: Խումբը ցրվել էր միայն այն բանից հետո, երբ ՀՔԱ ղեկավարությունը խոստացել էր չցուցադրել ֆիլմերը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ տեղի է ունեցել իրավապաշտպան գործունեության և այդ գործունեությունը իրականացնողների նկատմամբ կազմակերպված բռնություն ոստիկանության աշխատակիցների անգործության պայմաններում, և ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Լոռու մարզի դատախազից իրենց նամակ է եկել, որ այն գրությունները, որոնք ուղարկվել էին դատախազի անունով հասցեագրվել է քննչական բաժին ուսումնասիրելու և ընթացք տալու համար: Ուստի Արթուր Սաքունցն ասաց, որ արդյունքների մասին իրենց ավելի ուշ կհայտնեն:
Հիշեցնենք, որ այս մասին գրասենյակը գրություն էր ուղարկել Լոռու դատախազին, որ տեղի է ունեցել ոչ թե քաղաքացիների կողմից կարծիքի արտահայտում, այլ բռնության, սպառնալիքների, գույքի ոչնչացման կիրառմամբ կազմակերպության բնականոն գործունեության խաթարում, ապօրինի միջամտություն, որը նպատակ է հետապնդել խոչընդոտելու կազմակերպության կողմից իր տարածքը տնօրինելու իրավունքի իրացմանը: