Time ամսագիրը հրապարակել է տարվա ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը:
Աղյուսակում են հայտնվել Քաթարի վարչապետ շեյխ Համադ բին Ջասիմա-Ալ Թանին, Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը, ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին ու այլոք:
Անսպասելիորեն վարկանշային աղյուսակում են հայտնվել նաև Anonymous ցանցահենային խմբի անդամները, ինչպես նաև՝ Ռենե Ռեձեպին` կոպենհագենյան Noma ռեստորանի շեֆ–խոհարարը, ով երկու տարի է, ինչ արժանանում է «աշխարհի լավագույն խոհարարի» տիտղոսին:
Թոփ 100-յակում է հայտնվել նաև Apple կորպորացիայի ղեկավարը:
Վերջին 8 տարում առաջին անգամ ցուցակից դուրս է մնացել հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրին:
Միակ ռուսը, որ հայտնվել է Time–ի հրապարակած ցուցակում, բլոգեր Ալեքսեյ Նավալնին է: Փորձագետներն իրենց որոշումը բացատրել են «կոռուպցիայի դեմ պայքարելու ու մարդկանց սոցիալական ցանցերի միջոցով միավորելու» նրա արժանիքներով:










































