Տեխասի համալսարանի աստղագետ Սառա Դոդսոն-Ռոբինսոնը պարզել է, որ հնագույն աստղերի շուրջ գոյություն ունեցած գազային հսկաները զգալիորեն մեծ են եղել ժամանակակիցներից: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Հետազոտության շրջանակում վիճակագրական ուսումնասիրության է ենթարկվել աստղի մետաղականության և մոլորակի կազմում առկա ծանր տարրերի քանակի միջև կախվածությունը: Կեպլեր աստղադիտակով հավաքված տվյալներն ուսումնասիրելով՝ աստղագետը եկել է այն եզրակացության, որ նման կախվածություն կա. որքան ցածր է աստղի մետաղականությունը, այնքան ցածր է գազային հսկաների մեջ ծանր տարրերի պարունակությունը:
Որպես հետևանք՝ նման աստղերի շուրջ ջրածնից և հելիումից բաղկացած գազային հսկաներն ավելի մեծ են ժամանակակից մոլորակներից, որոնք ի տարբերություն նրանց՝ «ապրում են» բարձր մետաղականությամբ աստղերի շուրջ: Դոդսոն-Ռոբինսոնի հաշվարկով՝ Յուպիտերի տրամագիծը հազարավոր կիլոմետրերով պակաս է հնագույն հսկաների տրամագծից:
Հատկանշականն այն է, որ ներկայում ընդունված է կարծել, որ որքան ցածր է մետաղականությունը, այնքան քիչ է աստղի կողքին մոլորակ հայտնաբերելու հավանականությունը: