Վահրամաբերդ համայնքի մշակույթի տունը բավականին տուժել էր երկրաշարժի ժամանակ: Այն նախատեսվում է վերականգնել, ինչի համար կառավարությունը 233 մլն դրամ հատկացրեց քաղաքաշինության նախարարությանը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց, որ մշակույթի տանը գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը վերականգնվելու է նախարարության միջոցներով` գերատեսչության բյուջեում վերաբաշխում կատարելու միջոցով: Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որմնանկարը վերականգնելու մասին որոշումը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ հարցադրումներ են ստացվել, որ հատկացումը կատարվում է նկարը տեղափոխելու համար. «Հավաստիացնում եմ, որ գումարը հատկացնում ենք մշակույթի տունը կարգի բերելու համար, և նկարը հենց այնտեղ էլ լինելու է»:
Հ. Պողոսյանը տեղեկացրեց, որ Մինասի՝ քայքայման եզրին գտնվող 8 որմնանկարներից դեռ 2-ը չեն վերականգնվել: Նախատեսվում է որմնանկարներից մեկը տեղափոխել քաղաքապետարանի, մյուսը` հյուրանոցի շենք:
Տ. Սարգսյանը նկատեց՝ քանի որ Գյումրիում հյուրանոցային բիզնեսը զարգանում է, ապա գյումրեցիները կգտնեն գումարներ: «Պետք է արձանագրենք, որ չնայած մեծ աղմուկին, մենք մեր նպատակին հասանք և փրկեցինք որմնանկարները: Այժմ քաղաքացիները կարող են վայելել դրանք»,- նշեց վարչապետը:









































