Քաղաքական ուժերի միջև կառուցողական համագործակցությունը ՀՀԿ համար սպառնալիք չի կարող լինել: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ՀՀԿ-ն մտավախություն չունի՞, որ Հանրային վերահսկողության շտաբի գործունեությունը կավարտվի նրանով, որ կառուցողական ընդդիմություն կձևավորվի նոր ԱԺ-ում և սպառնալիք կդառնա իշխող ՀՀԿ համար, պատասխանեց, որ եթե մի բան կառուցողական լինի, ինչու Հանրապետականը պետք է մտավախություն ունենա: Ըստ նրա` եթե մի բան արվում է հանուն ինչ-որ լավ նպատակի, ապա միանշանակ դա պետք է ողջունվի:
«Այլ բան է, երբ ինչ-որ բան արվում է ինչ-որ մի բանի դեմ, դա անընդունելի է: Այնպես որ, ոչ մի մտավախություն չկա, եթե հանուն վեհ նպատակների, հանուն գաղափարների, հանուն կառուցողական գործելաոճի համագործակցություն լինի՝ միայն պետք է ողջունվի: Եթե մի բան արվում է կառուցողական նպատակներով, ապա ոչ միայն վտանգ չի կարող լինել, պետք էլ չէ սպառնալիք տեսնել»,- նկատեց պատգամավորը:








































