Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինը ներողություն է խնդրել Բոտսվանայում փղերի որսի համար։ Այս մասին հաղորդում է EFE-ն: Ապրիլի 18-ին, դուրս գրվելով հիվանդանոցից, որտեղ նա վիրահատության էր ենթարկվել, միապետը լրագրողներին ասել է. «Շատ եմ ցավում: Ես սխալ եմ թույլ տվել: Դա այլևս չի կրկնվի»:
Բացի այդ, թագավորը շնորհակալություն է հայտնել բժիշկներին այն բանի համար, որ արդեն բավական լավ է զգում և կարող է վերադառնալ իր աշխատանքին:
Խուան Կառլոսն ապրիլի 14-ին վիրահատության էր ենթարկվել: Այդ ժամանակ լրագրողներին հայտնի դարձավ, որ միապետը կոտրել է ազդրի վզիկը Բոտսվանա ուղևորության ժամանակ, որի մասին գիտեր միայն իսպանական կառավարությունը: Թագավորական տունը պաշտոնապես հաստատեց այդ տեղեկությունը:
Իսպանիայի որսորդների ֆեդերացիայի նախագահ Անդրես Գուտիերես Լարայի տվյալներով՝ Բոտսվանայում փղերի որսը պահանջում է 7-20 հազար եվրո կանխավճար: Թագավորը սուր քննադատության է ենթարկվել և՛ ուղևորության թանկարժեքության, և՛ ուղևորությունը հասարակության լայն շրջաններից գաղտնի պահելու պատճառով:
Բացի այդ, կենդանիների պաշտպանները պահանջել են Խուան Կառլոս 1-ին զրկել WWF-ի իսպանական բաժնի պատվավոր նախագահի պաշտոնից:
Ինչպես նշում է El Pais-ը, փղերի որսի հետ կապված դեպքը վերջին շրջանում թագավորական ընտանիքի շուրջ առաջացած սկանդալներից մեկն է։









































