Մոսկվային անհանգստացնում են Քոֆի Անանի ծրագրի «սեփականաշնորհման» փորձերը, դրա իրականացմանը գնահատականներ կարող է տալ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Անանի ծրագիրը ամբողջ ծավալով հավանության է արժանացրել Անվտանգության խորհուրդը և միայն այն կարող է գնահատականներ հնչեցնել այդ ծրագրի իրականացման վերաբերյալ»,- ասել է Լավրովը:
Նախարարը հայտնել է, որ վերջին ժամանակներս Անանի ծրագրի նկատմամբ վերահսկողություն ցանկանում են իրականացնել տարբեր կառույցներ, որոնցից մեկը այսպես կոչված «Սիրիայի ընկերների խումբ» կազմակերպությունն է, չնայած, որ նրանք նման իրավունք չունեն:
«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին չձգձգել դիտորդների առաքելության կոնկրետ ձևաչափերի վերաբերյալ առաջարկների ներկայացումը Անվտանգության խորհրդում»,- ընդգծել է Լավրովը:









































