Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանում դաժան ծեծի է ենթարկվել «Զերկալո» թերթի և Լրագրողների ազատության ու անվտանգության ինստիտուտի լրագրող Իդրակ Աբասովը: Միջադեպը տեղի է ունեցել Սուլուտալ ավանում գտնվող լրագրողների տների մերձակայքում, ուր իրականացվում էր շինությունների ապօրինի ավերման հերթական դեպքը:
Աբասովը նկարահանել է տների ապօրինի ավերումն ու տեղաբնակների դիմադրությունը, ինչի համար էլ ենթարկվել է դաժան ծեծի: Նրանից խլել են տեսախցիկը, տապալել են գետին և սկսել ոտքի հարվածների տարափ տեղալ: Նրա մի աչքն ամբողջովին փակվել է:
Լրագրողի եղբայրը հայտարարել է, որ ոստիկանությունը չի թույլատրել, որ տեղաբնակները գան նրան օգնության: Բացի այդ, ոստիկանությունը բժիշկներին թույլ չի տվել մոտենալ Աբասովի տանը, և եղբայրը ստիպված է եղել իր մեքենայով նրան տանել հիվանդանոց: Ներկայումս Աբասովի վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է անգիտակից վիճակում:
Նշվում է, որ վերջին տարիներին Աբասովն ու նրա ընտանիքի անդամները մի քանի անգամ ենթարկվել են բռնությունների ու սադրանքների: