Կոլումբիայում ամերիկյան Գաղտնի ծառայության գործակալների շուրջ ծավալված աղմուկը չի արտացոլվի ծառայության բարձրագույն ղեկավարության վրա: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Հիշեցնենք, որ ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն` անցած շաբաթ Գաղտնի ծառայության 11 ամերիկացի գործակալներ, ովքեր պետք է ապահովեին Օբամայի անվտանգությունը Կոլումբիայում, և 5 զինծառայողներ հեռացվել են իրենց պարտականությունների կատարումից և վերադարձվել են հայրենիք՝ «ոչ պատշաճ վարքի համար»:
ԶԼՄ-ները ենթադրում են, որ սրա պատճառը սկանդալն է, որն առաջացել է գործակալների և զինծառայողների՝ մարմնավաճառների հետ ունեցած կապի շուրջ։
«Գաղտնի ծառայությունն օպերատիվ կերպով արձագանքել է պատահարին: Նախագահը նախկինի պես վստահում է ծառայության ղեկավարությանը»,- ասել է Քարնին:
Ե՛վ Սպիտակ տունը, և՛ Գաղտնի ծառայությունը, և՛ Պենտագոնը հրաժարվում են խոսել մեղադրանքների հիմնավորված լինելու մասին` հայտարարելով, որ հետաքննությունը դեռևս շարունակվում է: