ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի’ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանի լիազորությունները դադարեցնելու այսօրվա հրամանին ԵՊԼՀ ռեկտորը պատասխան գրություն է ուղարկել:
«Հարգելի պարոն Աշոտյան
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով, ես պարտավոր եմ չկատարելու օրենսդրությանը հակասող Ձեր ապրիլի 17-ի թիվ 58-Ա1 հրամանը, ուստի շարունակում եմ պաշտոնավարել որպես Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր:
Հորդորում եմ Ձեզ ուշադիր կարդալ ՀՀ Սահմանադրության 5-րդ և 83,5-րդ հոդվածները, ինչպես նաև բուհական ոլորտը կարգավորող օրենքները և հիշեցնում, որ ի հակառակ իր ցանկության ու պատկերացման «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ կառավարության 31.10.2002 թ. Թիվ 1929-Ն որոշման 37-րդ կետի համաձայն ԵՊԼՀ ռեկտորն ընտրվում է ԵՊԼՀ խորհրդի կողմից, իսկ ընտրության արդյունքները հաստատվում են ՀՀ կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունմամբ, ուստի խորհուրդ եմ տալիս առաջնորդվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հետագա անօրինական քայլեր կատարելուց խուսափելու նպատակով:
Պարզաբանումները տրված են եղել իմ երեկվա` ապրիլի 16-ի, ԱԶ-01/162-12 գրության մեջ, ինչպես նաև ապրիլի 17-ին կայացած ԵՊԼՀ գիտխորհրդի արտահերթ ընդլայնված նիստի որոշման մեջ, որը Ձեզ կուղարկվի անմիջապես վերջնական խմբագրման աշխատանքների ավարտից հետո:
Ձեր անհամաձայնության դեպքում կարող եք վիճարկել այս գրությունը դատական կարգով»:
ԵՊԼՀ ռեկտորատը հայտնում է, Ս. Զոլյանը ս.թ. ապրիլի 18-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ կմասնակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կայանալիք «Բազմալեզվությունը հասարակությունում, աշխատաշուկան և քաղաքականությունը: Դասավանդման նոր մարտահրավերները բարձրագույն ուսումնականհաստատություններում» խորագրով գիտաժողովին և հանդես կգա «Հայաստանում լեզվաբանական կրթության հեռանկարները» զեկույցով:








































