Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր հայտարարել է, որ Կոնգրեսը պատրաստ է գործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք դուրս կգան ՀՀԿ մենաշնորհի դեմ: Տեր-Պետրոսյանը մատնանշել է միասնական շտաբի ստեղծումն ու հայտարարել, որ մնում է քշտել թևերն ու անցնել գործի, ասել է Տեր-Պետրոսյանը, նշելով, որ այդ դեպքում արդեն մայիսի 7-ին Սերժ Սարգսյանը չի լինի Հայաստանի նախագահ:
Բնականաբար հարց է առաջանում` իսկ ո՞վ կլինի: Ու բնականաբար նախագահը տվյալ դեպքում պայմանական է, որովհետև բուն հարցն այն է, թե ով կլինի Հայաստանում իշխանություն այդ դեպքում: Սա, թերևս, կարևոր խնդիր է, չափազանց կարևոր, որովհետև վատ իշխանությունը լավ անիշխանությունից և քաոսից ավելի լավ է: Դա, թերևս, աքսիոմատիկ ճշմարտություն է, որն անկասկած դժվար է վիճարկել, երբ խոսքը պետության ճակատագրի մասին է: Ուրեմն, ո՞վ կլինի Հայաստանում իշխանություն, երբ այլևս չլինի Սերժ Սարգսյանը՝ մայիսի 7-ից, թե 8-ից, կամ ժամը քանիսից` էական չէ: Էականն այն է, թե ինչ իշխանության է հանգեցնելու բոլորն ընդդեմ ՀՀԿ-ի, կամ թեկուզ Կոնգրեսը, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ընդդեմ ՀՀԿ-ի մոդելը:
Խնդիրը շատ պարզ է՝ արդյոք երեք կուսակցությունները պատրա՞ստ են ընդունել իրենցից որևէ մեկի հաղթանակը: Եթե օրինակ` ընտրությամբ պարզվի, որ հաղթել է ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու Կոնգրեսը կընդունե՞ն ՀՅԴ իշխանությունը երկրում, թե՞ ոչ: Նույն կերպ՝ եթե պարզվի, որ այսպես ասած` արդար ընտրությամբ հաղթել է ԲՀԿ-ն, Կոնգրեսն ու Դաշնակցությունը կընդունե՞ն այդ հաղթանակը, թե՞ ոչ: Եվ բնականաբար նույն հարցն առկա է Կոնգրեսի հնարավոր հաղթանակի պարագայում: Սա կարևոր խնդիր է, որովհետև իրականում, Հայաստանը գործող արատավոր համակարգից ազատելուց հետո, այդ երեք ուժերը կարող են պարզապես միմյանց հետ սկսել պայքար իշխանության համար, ինչը կարող է ունենալ բավական ծանր հետևանքներ:
Բանն այն է, որ չնայած միասնական շտաբում համագործակցությանը, ՀՅԴ-ն, օրինակ, շարունակում է իր անհաշտ վերաբերմունքը Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ, իսկ Բարգավաճ Հայաստանն էլ, կարծես թե, որևէ կերպ չի խոսում Կոնգրեսի հետ գաղափարական և ծրագրային ընդհանրությունների մասին: Կոնգրեսն էլ այդ երկու ուժերի հանդեպ ակնհայտորեն ունի մարտավարական կարճաժամկետ հաշվարկներ և նրանց դիտարկում է ընդամենը ընտրությունների ընթացքը վերահսկելու միջոցներից մեկը` ապավինելով ներիշխանական հակասություններին և մրցակցությանը: Անշուշտ, միամիտ չեն նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն և նույն հաշվարկներն ունեն Կոնգրեսի հանդեպ` փորձելով այն դիտարկել որպես Սերժ Սարգսյանի հանդեպ ավելի մեծ ազդեցության հավելյալ ռեսուրս, որից կազատվեն առաջին իսկ հարմար պահին, երբ լուծեն Սերժ Սարգսյանի հարցը: Ավելին` այդ ամենի մեջ ուրվագծվում է նաև Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ ստվերային կապը, որը հավանական է դարձնում ի դեմս ԲՀԿ-ի Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը: Ընդհանրապես, նույն կերպ քոչարյանական ուղեծրի ուժ է դիտվում նաև ՀՅԴ-ն: Այդ պայմաններում մայիսի 7-ը դառնում է, թերևս, առավել կարևոր, քան մայիսի 6-ը, որովհետև Հայաստանում խնդիրը միայն Սերժ Սարգսյանի նախագահ չլինելը և ՀՀԿ-ի բացարձակ իշխանությունը չեզոքացնելը չէ, այլ նաև այն, թե ինչ է հաստատվում դրա փոխարեն: Առավել ևս, որ մենք Հայաստանում ունենք օրինակ, երբ ժողովրդական խանդավառության ներքո հեռացել է Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց փոխարենը հաստատվել է առավել բյուրեղացած ռեժիմ, որից ազատվելը, ինչպես կյանքն է ցույց տալիս, առավել դժվար ու բարդ է, քան Տեր-Պետրոսյանի վարչախմբի հեռացումը 1995-96 թվականների, մեղմ ասած, ոչ լեգիտիմ ընտրական հաղթանակից հետո:
Թվում է, թե իրականում այդ ամենի մասին այսօր խոսելը վաղ է, և ներկայումս խնդիրը միայն ընտրության արդարությունն ապահովելն է: Սակայն Հայաստանում ներկայումս ընթացող ընտրական խաղն ակնհայտորեն շատ ավելի բարդ ու բազմաշերտ է` խնդիրը զուտ այդ հարթության վրա դիտարկելու համար, քանի որ կան ակնհայտորեն ստվերային ոչ պակաս լուրջ գործընթացներ, որոնք կարող են հետագայում դառնալ լրջագույն մարտահրավերներ հասարակության համար: Մինչդեռ Հայաստանի հասարակությանը չի մատուցվում մայիսի 7-ի պատկերի վերաբերյալ տեսանելի և շոշափելի պատասխան: Իսկ դա մեծացնում է վտանգը, որ Հայաստանում ընդամենը կարող է տեղի ունենալ անձերի փոփոխություն, կամ ընդամենը իշխանական խմբերի փոփոխություն:
Կասկած չկա, որ եթե համակարգային իշխանափոխությունը պահանջում է անգամ կարճաժամկետ մարտավարական գործակցություն, ապա կարելի է գնալ նաև դրան: Բայց խնդիրն այն է, որ դրան պետք է գնալ երաշխիքային մեխանիզմներ ապահովելով, որպեսզի մարտավարական այդ գործակցությունը, չնայած իր դրական նպատակներին, ի վերջո հասարակության համար չվերածվի հերթական լուրջ խնդրի, որը հաղթահարելն արդեն կարող է իսկապես դժվար լինել և պահանջել, այսպես ասած, կրկնահեղափոխական ավելի մեծ ջանքեր: Մինչդեռ Հայաստանում հազիվ հնարավոր է լինում կիսահեղափոխական ջանք և եռանդ ապահովել, այն էլ` շատ կարճ ժամանակով, ուր մնաց հնարավոր լինի ապահովել կրկնահեղափոխական ալիք: Այստեղ է խնդիրը, որը պետք է նկատել, և որը չնկատելը հայաստանյան ներքաղաքական բարդ խաչմերուկում կարող է դառնալ լուրջ վթարի պատճառ, որի զոհն ամեն դեպքում լինելու է հասարակությունը:
Ավելին` կասկած չկա, որ ՀՀԿ և Սերժ Սարգսյանի բացարձակ իշխանության դեմ հասարակական մոբիլիզացիան է՛լ ավելի մեծ կարող է լինել այն դեպքում, երբ արդար ընտրության վերահսկման անունից հանդես եկող քաղաքական ուժերը կարողանան հանրությանը ներկայացնել ընդհանուր համապատկեր, թե ինչպես են պատկերացնում մայիսի 7-ը և ինչ աստիճանի է միմյանց հանդեպ հանդուրժողությունը: Այլապես հասարակության համար այդ գործընթացը պակաս վտանգավոր չէ, քան Սերժ Սարգսյանի իշխանությունը, քանի որ պարզ լինելով, թե ում է խանգարելու գործընթացը, անորոշ է, թե իրականում ում է այն օգնելու:









































