«Առաջին լրատվականի» «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է երգիչ Արթուր Իսպիրյանը
– Արթուր, վերջին շրջանում Ձեզ տեսնում ենք Մաշտոցի պուրակում` քաղաքացիական ակտիվություն դրսևորելիս: Մինչ այս քաղաքացիական այլ նախաձեռնություններ էլ կային` «Բանակն իրականում», «Փրկենք Թեղուտը», ինչո՞ւ որոշեցիք սատարել հենց այս նախաձեռնությունը, որովհետև սա անմիջապես կապ ուներ Երևանի հե՞տ, թե՞…
– Երբ Թեղուտի հարցն էր քննարկվում, ես Հայաստանում չէի: Ես միշտ էլ արդարության և արդար որոշման կողքին եմ, իսկ Մաշտոցի պուրակը համընկավ իմ՝ Երևան վերադառնալու հետ: Երևանն իմ ամենացավոտ թեման է, և երբ վտանգը հասավ մեր այգիներին, ինչը մենք շատ քիչ ունենք, եթե համեմատենք 70-ականների հետ, ապա մեր կանաչ տարածքները վերացել են, ու գնալով ավելի շատ են վերանում:
– Դուք ինչո՞վ եք այս ամենը պայմանավորում` շա՞հ են հետապնդում, թե՞ չկա հստակ ծրագիր…
– Չկա համապատասխան քաղաքաշինական ծրագիր, ճարտարապետներն այս հարցում շատ պասիվ են: Ես չեմ տեսել կարկառուն մի ճարտարապետի, ասենք` Ճարտարապետների միության նախագահին կամ մեկ ուրիշին, որ գան պուրակ, բոլորն ինչ-որ ռեպլիկներ են թողնում, թե պուրակն աղբանոց էր, թե ինչու եք պայքարում այդ պուրակի համար: Իսկ ո՞վ է մեղավոր, որ աղբանոց էր, աղբանոց էր այդ տգեղ շինարարության պատճառով, որ երկու կողմից բարձրահարկ շենքեր էին կառուցվում, աղբանոց էր քաղաքապետարանի անտարբերության պատճառով: Ես չեմ կարող աշխարհում մի որևէ քաղաքի անուն տալ, օրինակ՝ մեր հարևան Թիֆլիսը, Մոսկվան, Կիևը, որտեղ այսքան հասարակական անտարբերություն կլինի իրենց քաղաքի կանաչ տարածքների և իրենց քաղաքի ճարտարապետության նկատմամբ: Ես ցավ եմ ապրում, որովհետև այդ պուրակի հարևանությամբ եմ մեծացել, իմ տունը Ժամանակակից արվեստի թանգարանի կողքին է եղել, և նույն ճակատագրին արժանացավ թանգարանի առջև գտնվող գեղեցիկ պուրակը, այն վերացրին այդ տգեղ առևտրի կենտրոնները կառուցելու պատճառով:
– Ըստ Ձեզ՝ Մաշտոցի պուրակում խնդիրն ի՞նչ լուծում պետք է ստանա, եթե քաղաքապետարանը որոշի չապամոնտաժել ու թողնել երեք տարի մնան այդ կրպակները: Ի՞նչ եք կարծում՝ հասարակական շարժում կձևավորվի՞, բողոքի ալիք կբարձրանա՞, արդյոք հենց այնտեղ կծնվի՞ Հայաստանի ինքնորոշված քաղաքացին:
– Հենց այնտեղ ծնվում է, արդեն ես տեսնում եմ երիտասարդներ, որոնք շատ համառ են, ազնիվ են, իրենց պահանջն է շատ ազնիվ և իրավաբանորեն շատ հիմնավոր են իրենց առաջարկների և պահանջների մեջ: Կարծում եմ՝ շատ մեծ հասարակական շարժում է սկսվելու, որովհետև իրոք արդարացի է հասարակությունը, ու եթե պուրակ շատ մարդ չի գալիս, դա չի նշանակում, թե միայն այնտեղ հավաքվածներն են դժգոհ… դժգոհ են բոլորը` հասարակության 99 տոկոսը, գոհ են միայն նրանք, ովքեր բիզնես շահ են հետապնդում: Բայց ես ուզում եմ նրանց ասել, որ կյանքում թող չմտածեն, որ իրենց բիզնեսը կաշխատի, ամեն ինչ անելու ենք, որ չաշխատի:
– Հնարավո՞ր է, որ պուրակի ազատագրումը Նոր Հայաստանի ծնունդ լինի, նոր մտածողության:
– Կառավարության նոր մտածելակերպի ծնունդ թող լինի, և քաղաքապետարանն ամեն ինչ պետք է անի, քանի որ կրակն է ընկել այդ երկու կողմերի միջև, որովհետև չի կարող բավարարել և՛ քաղաքացիների, և՛ բիզնես շահեր հետապնդողների պահանջը: Ես չեմ կարծում՝այդքան թույլ է քաղաքապետարանը, որ չի կարողանում այդ հարցերը հանգիստ լուծել՝ հօգուտ հասարակության:
– Նախընտրական պրոցեսներ են, ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ այդ հարցը չի լուծվում, մի՞թե դժվար է այդ չորս կրպակը մեկ այլ տեղ տեղափոխելը:
– Ես արդեն չգիտեմ, թե ով ինչպես ու ինչ է մտածում, ու չեմ էլ հասկանում այդ կրպակների գոյության տրամաբանությունը, որովհետև գիտեմ այդ կրպակները պատկանում են այնպիսի մարդկանց, որոնք դրանց կարիքն էլ չունեն: Իսկ ընտրություններն ինձ չեն հետաքրքրում, թե ընտրություններից առաջ ինչ կլինի, սա արդարացի պահանջ է` այգին պետք է այգի լինի, մենք այլ այգի չունենք: Այսօր մի օղակաձև այգի կա, և շատ կուզեի՝քաղաքապետարանի աշխատակիցները շրջեին այգիներում և տեսնեին, թե ինչ է այնտեղ կատարվում` ինչ ուզում անում են, բացի այգին պահպանելուց:
– Արթուր, այնուամենայնիվ, նախընտրական գործընթացներ են ընթանում, քարոզարշավը սկսվել է, Դուք հետևում եք, ունեք նախընտրած քաղաքական ուժ: Արդեն հայտնաբերվել են ընտրակաշառքի դեպքեր` մուրաբայի, ալյուրի և օդեկոլոնի տեսքով, արդյոք հավատո՞ւմ եք, որ այս անգամ կարող են ազատ և արդար ընտրություններ լինեն Հայաստանում:
– Այդ ամենը պետք է ժողովուրդը հասկանա, եթե ժողովուրդն ընտրում է կաշառքի ճանապարհը, ուրեմն դրան է արժանի:
– Իսկ քաղաքական պրոցեսներն ինչպե՞ս եք գնահատում:
-Ես չեմ ուզում խառնվել որևէ քաղաքական պրոցեսի մեջ:
– Չեք էլ երգելո՞ւ նախընտրական քարոզարշավի ընթացքում, շատերը այն եկամտի աղբյուր են դիտարկում և որևէ վատ բան չեն տեսնում այս կամ այն ուժի կողքին կանգնել երգելուց:
– Ես էլ վատ բան չեմ տեսնում ուղղակի ես հեռու եմ այդ ամենից, այս քաղաքական արշավները ավելի շատ պղտորում են իմ հոգին, ավելի շատ ազդում են իմ երաժշտական կյանքի վրա, իմ հոգու վրա, քան թե օգնում:
– Երկրի նախագահը մի քանի անգամ շեշտել է ու ՀՀԿ-ն էլ նոր կարգախոս է ընտրել` Հավատանք, որ փոխենք: Արդյոք այդ հավատի բաղադրիչը դեռ կարելի՞ է վերականգնել ժողովրդի մեջ և ի՞նչ եք կարծում սա քաղաքական քարոզարշավի համար հարմար կարգախոս էր:
– Դե գեղեցիկ կարգախոսներ միշտ էլ լինում են` Առաջ Հայաստան, Հավատանք, որ փոխենք: Ես հավատում եմ, չի կարելի չհավատալ, եթե չհավատանք, ուրեմն ամեն ինչ կորած է: Ես շատ եմ սիրում այդ կարգախոսը` հավատանք, որ փոխենք, եկեք հավատանք ու փոխենք, երանի դա համապատասխաներ ճշմարտությանը:
– Այսինքն՝ քաղաքականությունից դո՞ւրս եք միշտ Ձեզ դիտարկում:
– Այո:
– Չունե՞ք նախապատվություն, Ձեզ չե՞ն զանգում, առաջարկնե՞ր չեն անում:
– Չէ, ընդհանրապես ինձ չեն զանգում, ընտրակաշառք չեն առաջարկել այսքան ժամանակ, ու իմ ընտանիքին էլ նման առաջարկներ չեն եղել, բայց ես շատ եմ լսել ընտրակաշառքների դեպքերի մասին:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում շոու-բիզնեսի ներկայությունը խորհրդարանում, այ այս անգամ Շուշան Պետրոսյանը կդառնա պատգամավոր: Ի՞նչ եք կարծում, մշակույթի դաշտում փոփոխություններ կունենանք այդ դեպքում:
– Շուշան Պետրոսյանի արվեստը շատ կտուժի զբաղվածության պատճառով, բայց ես ուրախ եմ, որ Շուշան Պետրոսյանն է լինելու, բայց ոչ թե որևէ մեկը, ում չենք ճանաչում: Շուշան Պետրոսյանը խելացի կին է և արվեստագետներին հուզող շատ հարցեր կլուծի հօգուտ արվեստագետների: Ես ուրախ եմ, որ ինքը լինելու են այնտեղ, բայց տխուր եմ, որ ինքը, ուզած թե չուզած, պետք է նահանջի իր արվեստից:
– Վերջին 4-5 տարիների ընթացքում անընդհատ խոսվում է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակություն է ձևավորվել, որ սա այն հասարակությունը չէ, որը կհամակերպվի ամեն ի՞նչի հետ: Արդյո՞ք նկատո՞ւմ եք, որ կա այդ փոփոխությունը, կա պայքարող քաղաքացի:
– Ես զգում եմ, որ կա այդ պայքարը, ու գնալով մեր շարքերը շատանում են, և եթե առաջ մտածում էին, որ ինչ կուզեն կանեն այս քաղաքում, որտեղ կուզեն շենք կկառուցեն ու կմնան անպատիժ, այսօր դա չի լինելու: Հավատացնում եմ ձեզ, ամեն ինչ կանենք, որ մեր քաղաքը չտուժի և անպատժելիության մթնոլորտ վերանա: Եվ իրոք մեր քաղաքը պատկանում է հասարակությանը: Այսօր գնալով նկատելի են էկոլոգիական խնդիրները, մանավանդ Երևանում, օդը շատ աղտոտված է, մարզերում էլ հանքարդյունաբերությունն է խեղդել: Երևանի կենտրոնում անհնարին է շարժվել, գնալով մեքենաները շատանում են, գնալով օդի մաքրությունը վերանում է, և մեզ պետք են այդ այգիները, որոնք օդը մաքրելու հատկություն ունեն: Պետք է շատ լուրջ մտածել, և այլև ճարտարապետական որևէ սխալ թույլ չտալ, որովհետև մինչ այս բավականին շատ սխալներ են թույլ տրվել, մանավանդ փոքր կենտրոնում, ու եթե ոտքով քայլեք Հյուսիսային պողոտայի ոչ բարեկարգ մասերում, ապա կտեսնեք, որ այնտեղ աղբանոց է, շուտով ամառ է գալու ու բավականին շատ հիվանդության աղբյուր է լինելու դա:
– Վերջին մի քանի տարիների ընթացքում երեք քաղաքապետ է փոխվել, երեքի մոտ էլ չեք տեսե՞լ քաղաքի նկատմամբ հոգատարությունը: Տարոն Մարգարյանը Ավանի թաղապետն էր ու ծառ էր տնկել այնտեղ, երբ դարձավ քաղաքապետ, կարծես թե չի արդարացնում իրեն: Երեքի մոտ քաղաքի նկատմամբ հոգածության տարբերություն տեսնո՞ւմ եք:
– Գագիկ Բեգլարյանին շատ բան են ասում, բայց ես տեսել եմ ինչ-որ գործեր, օրինակ՝ քաղաքի շենքերի պատերը մաքրելու ներկելու գաղափարն իրենն էր, ինչ-որ բաներ ուզում էր աներ: Կարեն Կարապետյանի քաղաքապետ եղած շատ կարճ ժամանակահատվածից գոհ եմ, որովհետև նա կանաչ մտածող քաղաքապետ էր, չնայած Կոմիտասի կրպակների հետ կապված դժգոհություններ եղան, բայց եթե մի կողմ դնենք այդ ընտանիքների շահը, այդ կրպակները շատ տգեղ էին մայթերի վրա, մեր ազգին ոչ վայել:
– Ասում էր՝ գալիս եմ «դրայվ» անելու, բայց փաստորեն չստացվեց:
– Չստացվեց, բայց շատ բան փոխեց և ես շատ ճարտարապետ, նկարիչ ընկերներ ունեմ, որոնց առաջարկներն ընդունվել են ու ինչ-որ չափով իրականացվել:
Նոր քաղաքապետն այնքան կարճ ժամանակ է այդ պաշտոնում, եկեք ժամանակ տանք ու սպասեն: Ինձ թվում է՝ եթե Տարոն Մարգարյանը շատ լավ աշխատել է որպես համայնքի ղեկավար, փորձ ունի և գիտի, թե որն է ճիշտը, որը սխալը, չնայած քաղաքապետն ու համայնքապետը տարբեր բաներ են: Չեմ ուզում հավատալ, որ վերևից լծակներ կազդեն նրա վրա, որ նա իր կամքին հակառակ բան անի:
– Բուտիկներն, ըստ Ձեզ, նրա կամքին հակառա՞կ էին:
– Դե եթե իրենը չեն, ուրեմն իր կամքին հակառակ էին: Չգիտեմ, ինքն էլ է երևի մտածում, որ շատ սխալ է այդտեղ բուտիկներ տեղադրելը: Ի սկզբանե այն սրճարանն էլ որ կա պուրակում` սխալ է, դա իր տեղը չի, կողքը ինչ-որ տգեղ կապույտ գույնի դեղատուն է, դա էլ պետք է քանդվի, այդ սրճարանն էլ պետք է քանդվի: Չեք զգում, որ հանեցին Աբովյան պուրակի կրպակները ինչքան բացվեց տարածքը, մարդկանց սիրտն էլ բացվեց, մարդկանց մոտ ժպիտ առաջացավ: Ախր հնարավոր չէ, որ 3-4 անհատ ավելի հզոր լինեն իրենց որոշումներով, քան քաղաքապետարանը, ու հաշվի չառնվի հասարակության կարծիքը:
– Ըստ էության հավատո՞ւմ եք, որ երկրում մի բան կփոխվի:
– Իրավունք չունենք չհավատալու, եթե ես չհավատամ, դուք չհավատաք, ոչինչ չի լինելու:
– Պետք է հավատա՞նք, թե՞ պահանջենք:
– Հավատանք ու պահանջենք:









































